Փորձագետների կանխատեսումները Քարդիֆի եզրափակչից առաջ

Գրոհն ընդդեմ պաշտպանության, ֆուտբոլային շախմատ և Ռոնալդու անունով խնդիր «Յուվենտուսի» համար: Աստղերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերաբերյալ իրենց կանխատեսումներն են արել։

Լուիշ Ֆիգու, «Ռեալի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 2002-ի եզրափակչում

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: «Յուվենտուսն» ուժեղ պաշտպանություն ունի, «Ռեալի» մոտ շատ վտանգավոր է հարձակման գիծը: Մեզ հետաքրքիր, անհատական մենամարտեր են սպասվում: Ով այդ մենամարտերում ավելի շատ կհաղթի, նա էլ չեմպիոն կդառնա: Կարծում եմ, որ մեզ հետաքրքիր խաղ է սպասվում, տարբեր ոճ ունեցող, ֆուտբոլային հարուստ մշակույթի ու հիանալի խաղացողների տեր երկու թիմ են հանդիպելու»:

Կաֆու, «Միլանի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 2007-ի եզրափակչում

«Հիմնական ժամանակում կգրանցվի 2:2 հաշիվը : Հետո չգիտեմ, թե ինչ կլինի»։

Կրիստիան Կարամբե, «Ռեալի» կազմում 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում

««Ռեալը» կհաղթի 3։2 հաշվով»։

Պավել Նեդվեդ, «Յուվենտուսի» փոխնախագահ

«Մենք մեծ հույսեր ունենք: Դուք գիտեք, որ 21 տարի սպասում ենք այդ հաղթանակին: Վերջին անգամ «Յուվենտուսը» 1996-ին է հաղթել: Դրանից հետո մի քանի անգամ խաղացել ենք եզրափակչում, բայց չենք հաղթել: Ահա թե ինչու մեծ սպասելիքներ ունենք այս եզրափակչից: Տեսնում եմ, որ թիմը շատ կենտրոնացած է: Ճիշտ կլիներ ասել, որ մենք հաճելիորեն անհանգիստ ենք եզրափակչից առաջ»:

Մարսել Դեսայի, երկակի հաղթող «Օլիմպիկի» և «Միլանի» կազմում

«2:1 հաշվով կհաղթի «Յուվենտուսը»»։ 

Կլարենս Զեդորֆ, Չեմպիոնների լիգայի քառակի չեմպիոն

«Հրավառության սպասելիք չունեմ: Սա եզրափակիչ է, ու երկու թիմերն էլ գիտեն, որ նման խաղերում մի պահն էլ կարող է ամեն ինչ վճռել: Որևէ մեկը չի ցանկանա ռիսկի դիմել: Կարծում եմ, որ տակտիկական խաղ կլինի, բարդ, բայց ոչ գոլառատ: Հնարավոր է, որ ամեն ինչ մեկ գոլով որոշվի: Երկու թիմերն էլ ընդունակ են միմյանց զրկելու ազատ տարածությունից և գրոհելու հնարավորությունից, կարող են նաև օգտագործել այն միակ պահը, որն էլ ամեն ինչ կվճռի»:

Չիրո Ֆերերա, «Յուվենտուսի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 1996-ի եզրափակչում

«2։1 հաշվով կհաղթի «Յուվենտուսը»»։

Պատրիկ Անդերսոն, «Բավարիայի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 2001-ի եզրափակչում

««Յուվենտուսը» կհաղթի 2:0 հաշվով»։

Էդգար Դավիդս, «Այաքսի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 1995-ի եզրափակչում

«Եզրափակիչ խաղերը միշտ շատ բարդ են: Չեմ կարող ֆավորիտի նշել, ինչ ասես կարող է պատահել, ու կանխատեսումներն իսկապես անիրական են: «Ռեալին» հաղթել կարելի է, բայց նրանք 2-3 այնպիսի խաղացող ունեն, որոնք ամեն պահի կարող են կրակել: «Յուվենտուսի» համար Կրիշտիանուն է խնդիր: Դիբալան ու Իգուայինը շատ ուժեղ են, բայց դեռ Ռոնալդուի մակարդակին չեն»:

Էյդուր Գուդյոնսեն, «Բարսելոնայի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 2009-ի եզրափակչում

««Յուվենտուսը» կհաղթի նվազագույն հաշվով՝ 1։0»։

Անդրեյ Շևչենկո, «Միլանի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 2003-ի եզրափակչում

«Երկու թիմերին էլ երկրպագելու են, սակայն սիրտս ցանկանում է, որ Ջանլուիջի Բուֆֆոնի պես ֆուտբոլիստը հաղթի Չեմպիոնների լիգայում»։

Սթիվ Մակմանաման, երկակի չեմպիոն «Ռեալի» կազմում

««Ռեալը» կհաղթի 2։1 հաշվով»։

Յան Ռաշ, եզրափակչի դեսպան, «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ

««Յուվենտուսի» հաղթանակին եմ ձայն տալիս: «Ռեալին» սովորաբար կարելի է 2 գոլ խփել: Եթե «Յուվեն» 2 գոլ խփի, ապա «Ռեալը» 3-ով պատասխանել չի կարողանա: «Յուվենտուսը» լավ է պատրաստվել, կարող է հպարտանալ թիմային խաղով ու օգտագործել ֆուտբոլիստներին, ովքեր ընդունակ են ցանկացած խաղում հաղթել, օրինակ՝ Իգուայինը»:

Ռոբերտ Պիրես, «Արսենալի» կազմում հասել է Չեմպիոնների լիգայի 2006-ի եզրափակիչ

««Ռեալը» կհաղթի 3։1 հաշվով»։

Ֆիլ Թոմպսոն, երկակի հաղթող «Լիվերպուլի» կազմում

«Շատ տպավորված եմ «Յուվենտուսի» խաղից: Նրանք ուժեղ են բոլոր գծերում, բոլոր բաղադրիչներում, նշանակում է՝ ավելի լավ են պատրաստ այդ հաղթանակին: Հնարավոր է, որ նրանք այնքան էլ արդյունավետ չեն, բայց ընդունակ են գլուխ հանել «Ռեալի» տուգանային հարվածներից: Նրանք շատ կազմակերպված են ու շատ լավ գիտեն ինչպես պաշտպանվել: «Յուվենտուսը» կհաղթի 2:1 հաշվով»:

Շտեֆեն Ֆրոյնդ, «Բորուսսիայի» կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայի 1997-ի եզրափակչում

«1:1։ «Յուվեն» 11-մետրանոցներով կհաղթի 5:4 հաշվով»։

Խուան Էրնանգոմես, NBA-ի «Դենվեր Նագեթս» թիմի հարձակվող

«2։1 հաշվով կհաղթի «Ռեալը»»։

Ալեքսանդր Մոստովոյ, «Սպարտակի», «Սելտայի» ու Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան

«Որևէ մեկին նախապատվություն տալ չեմ կարող: Բոլորին հայտնի է, որ երկու անգամ անընդմեջ մրցաշարը դեռ որևէ թիմ չի հաղթել, իսկ ինչո՞ւ «Ռեալը» չի կարող պատմություն գրել: Բացի այդ, «Յուվեն» վերջին 4 եզրափակիչներում պարտվել է:

«Ռեալի» առավելությունն այն է, որ վերջին խաղերում ավելի ուժեղ է, ավելի վստահ է հաղթում: Նրանց թիմում շատ բան Ռոնալդուից է կախված: «Յուվեն» էլ կարողանում է նման թիմերի դեմ խաղալ: Չեմ զարմանա, եթե թուրինցիները կարողանան «Ռեալի» գլխավոր աստղին փակել ու խուսափել շատ խնդիրներից: Երկրպագուներից շատերն իտալական թիմին են աջակցելու և նրանց դարպասապահին, ով արժանի է գավաթին: Կարծում եմ, որ հիմնական ժամանակում հաշիվը 1:1 կլինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում