Եվրոպական ֆուտբոլի արքան․ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

«Ռեալը» պատմական նվաճման հասավ՝ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակչում հաղթելով «Յուվենտուսին»։

Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկային րոպեներն անցան «Յուվենտուսի» տարածքային առավելությամբ, սակայն «սերուցքայիններն» աստիճանաբար ակտիվացան և առաջինը գոլ խփեցին։ 20-րդ րոպեին Զինեդին Զիդանի սաները տպավորիչ գրոհ կազմակերպեցին, և Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը՝ դառնալով մրցաշարի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 3 եզրափակչում գոլ է խփում։ Թուրինցիները բավականին արագ վերականգնեցին հավասարությունը․ 27-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին։

Երկրորդ կեսը սկսվեց «Ռեալի» հսկայական առավելությամբ։ Զիդանի սաները փայլուն անցկացրեցին խաղակեսի մեկնարկը և կարողացան օգտագործել առավելությունը․ 61-րդ րոպեին հեռահար հարվածով հրաշալի գոլ խփեց Կազեմիրոն, իսկ 3 րոպե անց Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց։ Այս գոլերից հետո թուրինցիներն ուշքի չեկան, իսկ «սերուցքայիններին» հաջողվեց 4-րդ գոլը խփեց․ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Ասենսիոն։

Այսպիսով, «Ռեալը» դարձավ պատմության առաջին թիմը, որին հաջողվեց երկու տարին անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մադրիդյան թիմի համար Չեմպիոնների լիգայի այս գավաթը 12-րդն է, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Յուվենտուս» – «Ռեալ»՝ 1։4
Գոլերը՝ Մանջուկիչ 27՛ – Ռոնալդու 20՛, 64՛, Կազեմիրո 61՛, Ասենսիո 90՛
Հեռացում՝ Խուան Կուադրադո 84՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում