Եզրափակչում հերթական ապտակը չեմպիոնին (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել եզրափակիչ դիմակայության երկրորդ հանդիպումը: «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ ընդունել է «Կլիվլենդին» ու 132:113 հաշվով հաղթանակ տարել:

Խաղի ընթացքում կալիֆորնիացիները մի քանի անգամ զգալի առավելություն են ունեցել, սակայն «Կավալերսին» հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը: Այդպես է շարունակվել մինչև երրորդ քառորդի երկրորդ կեսը, որից սկսած «Ուորիորզը» խելահեղ մակարդակի խաղ է ցուցադրել, փայլուն հեռահար նետումներ կատարել, ինչի արդյունքում 20 միավորի առավելություն է ստացել: Մրցավեճի վերջին րոպեներին գործող չեմպիոնը համակերպվել է անխուսափելի պարտության հետ և ասպարեզ է դուրս բերել պահեստային կազմը:

Արտակարգ հանդիպում են անցկացրել «Գոլդեն Սթեյթի» առաջատարներ Կևին Դյուրանտն ու Ստեֆեն Կարին: Դյուրանտը 33 միավոր է վաստակել, տիրել 13 անդրադարձի, կատարել 6 արդյունավետ փոխանցում ու 5 բլոք-շոթ գրանցել: Կարին իր հաշվին թրիփլ-դաբլ է ձևակերպել. 32 միավոր, 10 անդրադարձ, 11 փոխանցում:

«Կավսին» չի փրկել նույնիսկ Լեբրոն Ջեյմսի հիասքանչ խաղն ու թրիփլ-դաբլը (29+13+14):

Եզրափակչի ընդհանուր հաշիվը դարձավ 2:0: Երրորդ հանդիպումը կկայանա Կլիվլենդում, հունիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում