«Գոլդեն Սթեյթի» չեմպիոնությանը միայն հրաշքը կխանգարի (տեսանյութ)

NBA-ի եզրափակչում կայացել է «Կլիվլենդի» ու «Գոլդեն Սթեյթի» միջև դիմակայության երրորդ խաղը: Կլիվենդում տեղի ունեցած մրցավեճը հավասար պայքարում է անցել, իսկ հաղթողը որոշվել է վերջին րոպեին:

Չնայած նրան, որ «Կավսը» չորրորդ քառորդում հաշվի մեջ առաջ է եղել, այնուամենայնիվ վրիպել է վերջին նետումները, ինչից օգտվել են հյուրերը և Կևին Դյուրանտի հեռահար նետման շնորհիվ հաշվի մեջ առաջ անցել: Հետագայում տանտերերը ստիպված են եղել մի քանի անգամ խախտել խաղի կանոները: Տուգանային նետումները հաջող իրացնելու շնորհիվ Սթիվ Քերի թիմը մեծացրել է առավելությունը և 118:113 հաշվով հաղթանակ տարել:

Չեմպիոնին չի փրկել նույնիսկ Լեբրոն Ջեյմսի ու Կայրի Իրվինգի արտակարգ խաղը, ովքեր միասին 77 միավոր են վաստակել (39+38): «Արքան» նաև 11 անդրադարձի է տիրել ու 9 արդյունավետ փոխանցում կատարել: «Գոլդեն Սթեյթի» կազմում 31 միավոր է հավաքել Դյուրանտը: Քլեյ Թոմփսոնն աչքի է ընկել 30 միավորով, իսկ Ստեֆեն Կարին` 26:

Այսպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 3:0` հօգուտ «Գոլդեն Սթեյթի»: NBA-ի պատմության ընթացքում ոչ մի թիմի չի հաջողվել փլեյ-օֆֆում 0:3 հաշվով զիջելուց հետո հաղթանակ կորզել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում