«Լիվերպուլը» ներողություն է խնդրել ու հրաժարվել ռեկորդային տրանսֆերից

«Լիվերպուլը» հանդես է եկել հայտարարությամբ «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերի շուրջ:

Ավելի վաղ հոլանդացին ընդունել էր մերսիսայդցիների՝ շաբաթական 200 հազար եվրո աշխատավարձով առաջարկը: «Սրբերը» պատրաստվում էին բողոք ներկայացնել ԱՊԼ-ին, որ «Լիվերպուլն» անօրինական կերպով է բանակցել 25-ամյա ֆուտբոլիստի հետ:

«Մեր ակումբը ցավում է, որ վերջերս մամուլում շահարկվել են «Սաութհեմփթոնի» մասին տեղեկություններ: Ներողություն ենք խնդրում այդ ակումբից, նրա երկրպագուներից ու սեփականտերից Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Հարգում ենք «Սաութհեմփթոնի» դիրքորոշումը և կարող ենք հաստատել, որ այլևս հետաքրքրված չենք այդ խաղացողով»,- գրված է անգլիական գրանդի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ տրանսֆերը կարող էր կազմել մոտ 70 միլիոն եվրո, ինչը ռեկորդային կդառնար պաշտպանների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում