Գերարդյունավետ խաղում եզրափակչի հաշիվը կրճատվեց (տեսանյութ)

Գերարդյունավետ խաղում եզրափակչի հաշիվը կրճատվեց (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր տեղի է ունեցել եզրափակչի 4-րդ հանդիպումը: «Կլիվլենդը» սեփական հարկի տակ ընդունել է «Գոլդեն Սթեյթին» ու 137:116 հաշվով հաղթանակ տոնել:

Գործող չեմպիոնը հատկապես արդյունավետ է անցկացրել առաջին կեսը (երկու քառորդներ), որոնց ընթացքում 88 միավոր է վաստակել: Ամբողջ հանդիպման ընթացքում «Կավալերսը» 24 արդյունավետ հեռահար նետում է իրացրել:

Հերթական փայլուն խաղն են անցկացրել «Կլիվլենդի» առաջատարներ Լեբրոն Ջեյմսն ու Կայրի Իրվինգը: «Արքան» վաստակել է 31 միավոր, տիրել 10 անդրադարձի ու կատարել 11 արդյունավետ փոխանցում: Լեբրոնի համար NBA-ի եզրափակիչներում դա 9-րդ թրիփլ-դաբլն էր, ինչի շնորհիվ նա շրջանցեց լեգենդար Մեջիք Ջոնսոնին ու դարձավ նոր ռեկորդակիր: Իրվինգն աչքի ընկավ 40 միավորով:

«Ուորիորզի» կազմում լավ հանդիպում անցկացրեց Կևին Դյուրանտը, ով վաստակեց 35 միավոր:

Ընդհանուր դիմակայության հաշիվը կրճատվեց և դարձավ 3:1` հօգուտ «Գոլդեն Սթեյթի»: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կալիֆորնիացիների հարկի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում