Մեկական լավ ու վատ լուր «Պորտուի» համար

Մեկական լավ ու վատ լուր «Պորտուի» համար

«Պորտուն» հայտարարել է նախկինում անվանի ֆուտբոլիստ Սերժիու Կոնսեյսաուին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

42-ամյա մասնագետը 2016 թվականի դեկտեմբերին գլխավորել էր ֆրանսիական «Նանտը» և թիմին օգնել էր նախավերջին տեղից բարձրանալ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի միջնամաս:  Երկար բանակցություններից հետո «վիշապները» համաձայնել են նրա տեղափոխության համար 3 միլիոն եվրո վճարել, ինչպես նաև 2 ֆուտբոլիստի` Չիդոզի Ավազեմայի ու Ժոյիս Կայեմբեի տրանսֆերային իրավունքները զիջել «Նանտին»:

Միաժամանակ «Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ պորտուգալական ակումբը պատժամիջոցների է ենթարկվել ՈւԵՖԱ-ի կողմից: «Վիշապները» պատժվել են նախորդ մրցաշրջանում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար: Որպես պատիժ` «Պորտուն» Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում 25 ֆուտբոլիստի փոխարեն կկարողանա ընդամենը 22 խաղացող հայտավորել: Բացի այդ, ակումբը տուգանվել է 700 հազար եվրոյով: Տուգանքը կարող է հասնել 1,4 միլիոնի, եթե «Պորտուն» չարձագանքի պատիժներին ու դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ չկատարի:

Պորտուգալական ակումբը պետք է 30 միլիոն եվրոյի իր վնասը փոխհատուցի (տրանսֆերի կամ այլ միջոցով): Եվս 20 միլիոնի պարտավորություն սահմանված է 2018 թվականի ու 10 միլիոն էլ` 2019 թվականի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում