Երեք հայ թաեքվոնդոիստ հանդես կգա աշխարհի առաջնությունում

Երեք հայ թաեքվոնդոիստ հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ փորձառու Արման Երեմյանը (87 կգ):

«Հիմա թաեքվոնդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում մայրաքաղաքի «Օլիմպիական ապագա» հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հուսով եմ՝ աշխարհի առաջնություն մեր մարզիկները կներկայանան լավ մարզավիճակով եւ կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար»,- Դանիելյանի խոսքն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում