Դաղբաշյանի փայլուն գոլը հաղթական է դարձել (տեսանյութ)

Դաղբաշյանի փայլուն գոլը հաղթական է դարձել (տեսանյութ)

Մինսկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» հանդիպել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչ «Լուչ-Էներգիային»,- հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Մինսկի «Տորպեդո» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացել է Միհրան Մանասյանը: «Ալաշկերտի» հարձակվողն օգտվել է գնդակը խլած Արթուր Եդիգարյանի հաշվենկատ փոխանցումից, շրջանցել պաշտպանին և գեղեցիկ հարվածով գրավել դարպասը:

10 րոպե անց ռուսական թիմի ֆուտբոլիստներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը` անկյունայինի խաղարկման արդյունքում:

Երկրորդ խաղակեսում Աբրահամ Խաշմանյանը մի քանի փոփոխություններ է կատարել, իսկ «Ալաշկերտն» աստիճանաբար տիրել նախաձեռնությանը:

Հայաստանի չեմպիոնին հաղթանակ է պարգևել ազգային հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փայլուն գոլը: Վերջինս ընթացքից կատարած հիասքանչ հարվածով գրավել է «Լուչ-Էներգիայի» դարպասի հեռավոր անկյունը: Գոլային դրվագում հիանալի գոլային փոխանցման հեղինակ է դարձել Արտակ Եդիգարյանը:

Երկրորդ ստուգողական խաղում «Ալաշկերտը» հունիսի 21-ին կմրցի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մեկ այլ թիմի` «Շիննիկի» հետ:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)` 2:1
Միհրան Մանասյան 16՛, Գագիկ Դաղբաշյան 85՛ – 26՛

«Ալաշկերտ». Գևորգ Կասպարով (Արսեն Բեգլարյան, 46), Արարատ Առաքելյան (Գագիկ Դաղբաշյան, 46), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Վահագն Մինասյան (Մլադեն Զելկովիչ, 46), Դմիտրի Խովբոշա (Միլիան Յաբլան, 80), Խորեն Վերանյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան (Արտակ Եդիգարյան, 56), Միհրան Մանասյան (Փորձարկվող ֆուտբոլիստ, 57), Ուրոշ Նենադովիչ (Գևորգ Նռանյան, 61):

Հետևեք մեզ նաև Telegram-ում