Արտաշես Ներսիսյան․ Ինչ սպասում էի, այն էլ եղավ

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը խոսել է աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի ելույթների մասին։

«Կիլոգրամների առումով՝ ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք և նստաներվի բորբոքում ուներ, բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ (բրոնզե) նվաճել իր և հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երևում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է և դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», – Արտաշես Ներսիսյանի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը։

Մարզիչը նաև տեղեկացրել է, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում