Աբրահամ Խաշմանյան. Իրականում խաղալու ենք Անդորրայի հավաքականի հետ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» հանդիպումից առաջ երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մամուլի ասուլիս տվեց:

– Թիմն ինչպե՞ս է անցել նախապատրաստական շրջանը, և ի՞նչ կարծիք ունեք նորեկների մասին:

– Նորեկները ինչպես միշտ լավ մարզավիճակում չեն գտնվում: Տասն օր մեր տրամադրության տակ էին, ինչ-որ տեղ ֆունկցիոնալ վիճակը բարելավեցինք, բայց նրանք մեկնարկային կազմում չեն լինի: Կարծում եմ` նրանք փոխարինման կմտնեն: Երկուսն էլ բավականին բարձր մակարդակի խաղացողներ են:

– Կարեն Մուրադյանը նույնպես վերադարձել է «Ալաշկերտ»…

– Կարենը վեց ամիս հեռացել էր մեր թիմից, Շվեդիայում էր, լավ հանգստացել է, «չաղացել»: Բնականաբար, նա մեկնարկային կազմում չի լինի:

– Անցած տարի այս թիմերի միջև խաղում վիճաբանություն էր եղել: Ինչպե՞ս է դա ազդելու առաջիկա հանդիպման վրա:

– Եկեք ֆուտբոլից խոսենք: Տհաճ միջադեպ էր, բայց մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա: Երևի տեղյակ չեք, բայց երկու ակումբներն էլ տուգանքների են ենթարկվել: Պետք է արդար ֆուտբոլ խաղանք, որն ուրախություն կպատճառի երկրպագուներին: Նրանք էլ են հասկացել, որ հակաֆուտբոլային արարքները ոչնչի չեն բերում:

– Մրցակցին որքանո՞վ եք ուսումնասիրել:

– Այս թիմին անցած տարվա դրությամբ ենք ճանաչում, այսօրվա թիմից լավատեղյակ չենք: Վեց նորեկ ունեն, բոլորն էլ հավաքականից: Հաշվի առնելով, որ մինչ այդ էլ «Սանտա Կոլոման» Անդորրայի հավաքականի կորիզն էր, կարելի է ասել խաղալու ենք այդ երկրի ազգային ընտրանու հետ: Իսկ ինչպես գիտեք, նրանք վերջերս հաղթել են Հունգարիայի պես հզոր հավաքականին: Նաև երեք լեգիոներ ունեն՝ երկու իսպանացի ու մեկ ֆրանսիացի: Մեզ դժվար խաղ է սպասվում:

– «Ալաշկերտն» ինչպիսի՞ մարզավիճակում է:

– Սուտ կլինի ասել, որ լավ մարզավիճակում ենք, որովհետև առաջնությունն ավարտված է: Մեր խաղացողներն արդեն արձակուրդ են գնացել ու վերադարձել: Ոչ մի հայկական թիմ հիմա իր լավագույն մարզավիճակում չէ:

– Վերջին մեկ տարում «Ալաշկերտն» ինչպե՞ս է փոխվել:

– Պաշտպանությունում ավելի ուժեղ ենք դարձել։ Այդքան ուժեղ չենք հարձակման գծում, որովհետև չունենք Հեբերի նման հզոր հարձակվող: Նոմինալ հարձակվող չունեմ. Մանասյանը որակազրկված է, Նռանյանը` նույնպես: Այդ դիրքում դուրս ենք բերում Նենանդովիչին, ով վինգեր է: Մեզ համար մեծ կորուստ է Արտակ Գրիգորյանի բացակայությունը, ով փորձաշրջանի է մեկնել Ռուսաստան:
 
– Եթե հարձակման գծում խնդիրներ կան, ինչո՞ւ հարձակվող չեք հրավիրել:

-Այսօր շատ դժվար է լավ հարձակվող գտնելը: Գիտեք, որ որակյալ ֆուտբոլիստները Հայաստան չեն գալիս: Հեբերը բացառություն էր, որովհետև երկար ժամանակ չէր խաղացել: Հիմա նրա համար Խորվաթիայի չեմպիոնը մեկ միլիոն եվրո է վճարել:

– Վաղվա խաղում, ո՞ր արդյունքը կգոհացնի Ձեզ:

– Լավ կլինի, որ գոլ բաց չթողենք, և մի քանի անգամ գրավենք դարպասը: Գիտենք, որ հայ ժողովուրդն ուրախանալու քիչ առիթներ ունի, դրա համար կփորձենք մեր հաղթանակով նպաստենք դրան:

– Հարցրազրույցներում դուք նշում եք, որ գլխավոր նպատակն առաջին փուլը հաղթահարելն է, իսկ ակումբի նախագահը պնդում է, որ նպատակը երրորդ փուլ մտնելն է: Ակումբում դրանից հակասություն չի՞ առաջանում:

– Ես ֆուտբոլում պրոֆեսիոնալ եմ: Ինձ թույլ չեմ տա մինչև խաղի ավարտը խոսել մյուս մրցակցի մասին: Եկեք չմոռանանք, թե մեր առաջնությունն ինչպիսի վիճակում է: Օրինակ՝ Անդորրան ունի 12 թիմ:

– Անցած տարի ասել էիք, որ «ճզմելու» եք մրցակցին: Հիմա ի՞նչ է փոխվել, որ նույնը չեք ասում:

– Անցած անգամ նեղացել էին իմ այդ խոսքերից, բայց ես ֆուտբոլային առումով էի ասում: Այն ժամանակ վստահ էի, որովետև ճանաչում էի «Սանտա Կոլոմային», իսկ հիմա նրանք ութ նոր խաղացող ունեն:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում