Խուան Կապդևիլյա. Հայկական թիմերը մեկ աստիճան բարձր են անդորրականներից

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» առաջին հանդիպումից առաջ անդորրացիների հռչակավոր իսպանացի պաշտպան Խուան Կապդևիլյան պատասխանեց լրագրողների հարցերին:

– Որքանո՞վ եք ուսումնասիրել «Ալաշկերտին»:

– Բավական լավ ենք ուսումնասիրել, որին գումարվել է նաև անցած տարվա մեր փորձը: «Ալաշկերտը» լավ թիմ է, բայց «Սանտա Կոլոման» մինչև վերջ պայքարելու է: Դիմակայության ելքը որոշվելու է Անդորրայում:

– Դուք հաջողակ կարիերա եք ունեցել, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձել: Ինչո՞ւ եք շարունակում ելույթ ունենալ Անդորրայում:

– «Սանտա Կոլոման» հնարավորություն է տվել վայելելու ֆուտբոլը: Շատ գոհ եմ, որ չեմպիոն ենք դարձել մեր երկրում և դա ոգևորել է կարիերան հետագա շարունակելու հարցում:

– Մեկ տարի է՝ հանդես եք գալիս Անդորրայում: Ինչպիսի՞ մակարդակ ունի այդ երկրի առաջնությունը:

– Հպարտ եմ, որ դարձել ենք Անդորրայի չեմպիոն: Նախկինում կասկածներ ունեի այդ երկրի առաջնության որակի մասին, սակայն երբ սկսեցի հանդես գալ, հաճելիորեն զարմացա: Բոլոր թիմերի մակարդակը հավասար է: Բոլոր թիմերը սրտով են խաղում ու ցանկանում են հաղթել:

– Դուք խաղացել եք Հայաստանի ակումբների ու հավաքականի հետ: Ավելին, Իսպանիայի ընտրանու կազմում վերջին գոլը հենց Հայաստանին եք խփել: Ինչպիսի՞ կարծիք ունեք հայկական ֆուտբոլի մասին:

– Վերջին տարիներին ֆուտբոլային առումով աղքատ երկրների թիմերը զարգացել են, մակարդակը բարձացել է: Անդորրան վերջերս երկու խաղ է հաղթել: Հայկական թիմերը մեկ աստիճան բարձր են անդորրականներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում