Ռիչարդ Իմբերնոն. Խաշմանյանի հետ կոնֆլիկտն արդեն մոռացված է

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտի» հետ հանդիպումից առաջ «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ո՞րն է Չեմպիոնների լիգայում «Սանտա Կոլոմայի» նպատակը:

– Մենք քայլ առ քայլ ենք առաջ գնում: Առաջնային նպատակն առաջին փուլը հաղթահարելն է, հեռուն չենք նայում:

– Վիճակահանությունից գո՞հ եք:

– Գիտենք, որ «Ալաշկերտը» բարդ մրցակից է: Հավանաբար հնարավոր բոլոր մրցակիցներից ամենաբարդն էր: Բնականաբար, անցած տարի զգացել ենք նրանց ներուժը, սակայն այս տարի ավելի լավ ենք պատրաստվել հանդիպումներին:

– Նախորդ տարվա համեմատ ի՞նչ փոփոխություններ են կատարվել ձեր թիմում: (Հարցը հակառակ կերպ հասկացավ)

– Մենք մրցակցի մասին տեղեկություններ մեկ շաբաթ առաջ ենք ստացել: Տեղյակ ենք, որ նոր խաղացողներ ունի «Ալաշկերտը»: Անցած տարի կարևոր դերակատարում ունեցած շատ ֆուտբոլիստներ մնացել են թիմում:

– Անցած տարի վիրավորվել էիք «Ալաշկերտի» մարզչի հայտարարությունից: Այդ միջադեպը ներկայումս ազդեցություն ունի՞ ձեր թիմի մոտիվացիայի վրա:

– Այդ միջադեպից մեկ տարի է անցել, և այն ինձ համար այլևս մեծ նշանակություն չունի:

– Թիմում վնասվածք ունեցող խաղացողներ կա՞ն:

– Երկու ֆուտբոլիստ ունենք, որոնց մասնակցությունը կասկածի տակ է: Եթե նրանք չկարողանան խաղալ, համարժեք փոխարինող կունենան:

– «Ալաշկերտի» որ ֆուտբոլիստներին կառանձնացնեիք:

– Մանասյանին, Եդիգարյանին։ Նրանց ամենավտանգավորն եմ համարում: Կառանձնացնեմ նաև Վերանյանին, ով թիմի խաղն է կազմակերպում: Նրանից պետք է զգուշանանք: Սերբ նորեկներից տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ լավ մակարդակ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում