Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ անելու ենք հայ ժողովրդին ուրախացնելու համար

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ներկա էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Սանտա Կոլոմայի» դեմ հանդիպման նախախաղյա ասուլիսին և մի քանի հարցերի պատասխանեց:

Այսօր 30-ամյակը նշող ֆուտբոլիստը նախ նշեց` թիմն ինչպես նախապատրաստվել խաղին.

«Թիմը շատ լավ ենք նախապատարստվել վաղվա հանդիպմանը: Բարդ խաղ է սպասվում, սակայն ամեն ինչ կանենք հայ ժողովրդին ուրախացնելու համար: Իմ ծննդյան օրվա կապակցությամբ ամենամեծ նվերը կլինի վաղվա հաղթանակը»:

2016-17թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի առաջին փուլում երևանցիները նույնպես մրցեցին Անդորրայի չեմպիոնի հետ: Մրցակցի հարկի տակ 0:0 հաշիվն էր գրանցվել, իսկ Հայաստանում Աբրահամ Խաշմանյանի թիմը խոշոր հաշվով (3:0) հաղթեց «Սանտա Կոլոմային»: Այդ մրցավեճում Արթուր Եդիգարյանը գոլ խփեց, սակայն վաղը նույնն անելու անմիջական մղում չունի:

«Կարևոր չէ, թե ով գոլ կխփի: Առաջնայինը հաղթանակն է: Կարող են գոլի հեղինակ դառնալ նույնիսկ դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Գևորգ Կասպարովը, միայն թե հաղթենք»,- ասաց ֆուտբոլիստը։

Անցած տարի անդորրացիները բավականին կոպիտ խաղով աչքի ընկավ: Արթուրը նշեց, որ դրա վրա չեն կենտրոնանում:

«Մեր թիմում ֆուտբոլիստներն ու մարզիչները պրոֆեսիոնալներ են: Գիտենք մրցակցի թույլ և ուժեղ կոմղերը: Պետք է այնպես անենք, որ մեզ համար դժվարություններ չառաջացնեն»,- նշեց Եդիգարյանը։

Լուսանկարը` «Ալաշկերտի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում