Հովհաննես Բաչկով. Ցանկանում էի տեսնել աշխատանքիս արդյունքը

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը խոսել է հաղթանակի և առաջիկա ծրագրերի մասին։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննեսն ասաց, որ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ցանկություն ունի․

«Իհարկե, ցանկություն կա պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու, բայց դրա մասին կմտածեմ աշխարհի առաջնությունից հետո»։

Հովհաննես Բաչկովը բազմիցս բախվել էր մրցավարական անարդարության, սակայն այս առաջնության մրցավարությունից գոհ է։

«Ինձ անընդհատ ինչ-որ բան էր խանգարում հասնել հաջողության՝ կա՛մ մրցավարական գործոնը, կա՛մ մարզավիճակս: Այս անգամ լավ մարզավիճակում էի, և մրցավարներն էլ արդար գտնվեցին: Չեմ կարող առանձնացնել ոչ մի մենամարտ, քանի որ բոլորն էլ բարդ էին: Մինչ այս ինձ տանջում էր այն միտքը, որ սիրողական ասպարեզում առանց մեդալ էի մնացել։ Ցանկանում էի տեսնել աշխատանքիս արդյունքը և նոր տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ»,- նշեց Բաչկովը։

Հովհաննես Բաչկովը նաև շնորհակալություն հայտնեց Խարկովի հայ համայնքին (բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում էր ուրկրաինական Խարկով քաղաքում).

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ կիսեցին հաղթանակը և ուրախացան դրանով: Նաև շնորհակալ եմ Խարկովի հայ համայնքին, նրանք շատ աջակցեցին մեզ, դա շատ ոգևորիչ էր»,- խոսքը եզրափակեց Եվրոպայի չեմպիոնը։

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում