Իմբերնոն. Առաջնային նպատակն էր՝ Հայաստանում «ողջ» մնալ

«Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտի» հետ առաջին խաղից հետո (1:0) պատասխանեց լրագրողների հարցերին։

Խաղի ընթացքի ու մրցավարի գործողությունների մասին.

«Խաղն այնպես ընթացավ, ինչպես սպասում էինք: Մրցակիցը ցանկանում էր արագ լուծել խաղի ելքը: Մեր նպատակն էր լավ պաշտպանվել և դիմակայության ելքը մեկ շաբաթով հետաձգել: Տխուր ենք, որ պարտվեցինք, բայց սա մեզ համար նպաստավոր արդյունք է: Նորմալ է, որ սխալներ կային, որովհետև 90 րոպեի ընթացքում պետք է շատ որոշումներ կայացվեն, և դրանից մի քանիսը կարող են սխալ լինել: Նշեմ, որ մրցավարը կարող էր մեր օգտին 11-մետրամնոց նշանակել, ինչը չարեց»:

Մեկ տարվա համեմատ թիմերի փոփոխության մասին.

«Հասկանալի է, որ «Ալաշկերտն» ավելի ուժեղ թիմ է, բայց մենք անցած տարվա համեմատ մեկ քայլ առաջ ենք կատարել»:

Պատասխան խաղից առաջ թիմերի հնարավորությունների մասին.

«Մեր նպատակն է հաջորդ փուլ անցնել: Մենք մեր հարկի տակ ավելի լավ ենք խաղում: Ինչո՞ւ պետք է հաջորդ փուլ դուրս գալու հույսեր չունենանք»:

Գոլ խփելու նպատակ ունենալու մասին.

«Առաջնային նպատակն էր՝ Հայաստանում «ողջ» մնալ, դրան հասանք: Ոչ մի թիմ գոլ խփելու նպատակից չպետք է հրաժարվի: Գնդակին չտիրելը չի նշանակում, որ գոլ խփելու կամ տարածքային առավելության մասին չէինք մտածում: 3-4 պահ ունեինք»:

Անցած տարվա համեմատ կոպիտ խաղի բացակայության մասին:

«Վիճաբանություն լինում է, երբ երկու կողմերն են դա ուզում: Մենք կոնֆլիկտի մեջ մտնելու մտադրություն չունեինք: Այդ առումով կարևոր է, որ պատասխան խաղը մեր հարկի տակ է»:

Ինչի՞ հաշվին պետք է պատասխան մրցավեճում դրական արդյունքի հասնեն․

«Ամենօրյա մարզումների ու աշխատանքի: Պետք է մեկ շաբաթ հետո լավագույնս պատրաստ լինենք: Լավ թիմ ենք: Հպարտ ենք, որ չորս անգամ անընդմեջ մեր երկրի չեմպիոն ենք դառնում: Մենք անգամ անցել ենք հաջորդ փուլ («Բանանցին»` 2014 թվականին): Արդեն դա մեզ համար միայն երազանք չէ»:

Հայկ Հովհաննիսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում