Աբրահամ Խաշմանյան. Իմ թիմից ավելին էի սպասում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» հանդիպումից (1:0) հետո երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ի՞նչը չբավականացրեց այսօր ավելի համոզիչ հաղթանակի համար: Մի՞գուցե գոլ խփող կենտրոնական հարձակվող չկար:

– Հարձակվողի խնդիր չկար, որովհետև հենց Նենադովիչը գոլ խփեց: Այսօր լավ չխաղացինք: Նման խիտ պաշտպանությունը կոտրելու համար հարկավոր էր արագ գործել և ագրեսիվ լինել, ինչն իմ թիմից չտեսա: Զարմանալի էր, որ մեր միջին գիծն անհաջող գործեց: Իմ թիմից ավելին էի սպասում:

– Երեկ նշել էիք, որ Արտակ Գրիգորյանը փորձաշրջան է անցնում Ռուսաստանում, սակայն այսօր մասնակցեց խաղին: Ինչպե՞ս այդպես եղավ:

– Գիշերն է եկել, այնտեղ խնդիրներ են եղել: Շատ չեմ խորացել: Ասաց, որ պատրաստ է հենց սկզբից գործել, բայց, բնականաբար, մնաց պահեստայինների նստարանին: Ցավալի է, որ փոխարինման մտնելուց հետո քթի կոտրվածք ստացավ, հիմա հիվանդանոցում է: Պատասխան խաղին չի մասնակցի:

Վահագն Մինասյանն ամենաակտիվներից էր, ինչո՞ւ այդքան վաղ փոխարինվեց:

– Մեր պաշտպանության աջ եզրում մրցակիցն շատ ակտիվ էր, և հարկավոր էր թարմություն մտցնել: Վահանգն կարող էր ավելի ակտիվ լինել, ինչը պահանջում էինք նրանից:

– Մեկ շաբաթ հետո ինչպիսի՞ հանդիպում եք սպասում:

-Այսօրվա նման խաղ: Չեմ կարծում, թե նրանք բաց ֆուտբոլ կխաղան: Հավանաբար, կգործեն հակագրոհների վրա, բայց մենք ավելի լավ պատրաստ կլինենք, քան այսօր էր:

– Որակազրկված երկու հարձակվող ունեիք, սակայն շանս չտվեցինք Լեսթեր Պելտիերին: Չե՞ք վստահում նրան:

– Լեսթերը հարձակվող չէ, ենթահարձակվող է: Նա նոր է միացել թիմին, մեկ ամսից ավելի բացակայել է, 2-3 մարզման է մասնակցել: Չգիտեմ՝ ինչպիսի մարզավիճակում է: Գնացել էր հավաքականի կազմում խաղի, որին չի մասնակցել: Չեմ կարող «փակ աչքերով» նրան խաղադաշտ դուրս բերել: Նրա հետ հույսեր կապում ենք, դեռ մեզ օգուտ կտա:

– Նշեցիք, որ պատասխան խաղում ավելի հաջող եք գործելու: Ինչի՞ հաշվին դա կլինի:

– Ֆունկցիոնալ վիճակը բարելավելու հաշվին:

– Անցած տարի «Սանտա Կոլոման» «կեղտոտ» ֆուտբոլ էր ցուցադրել: Այս անգամ նման բան չկար: Զարմացա՞ծ էիք:

– Ոչ, զարմացած չէի՝ չնայած եղան պահեր, երբ ընկնում էին, գոռում: Նրանք էլ իրենց խաղային փիլիսոփայությունն ունեն: Անցած տարվա ու այս տարվա թիմերի միջև բավականին մեծ տարբերություն կա, լավ, արագ ֆուտբոլիստներ են հրավիրել: Անցած տարի հարձակման գծում այդքան ակտիվ չէին:

– Մրցակցի մարզիչն այս անգամ կրկին դժգոհ էր մրցավարությունից

– Մրցավարի վրա փորձում էին ճնշում գործադրել: Իմ թիմին զգուշացրել էի, որ պրովակացիայի չենթարկվեն:

 Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում