Արսեն Բեգլարյան․ Սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» խաղից հետո (1:0) Հայաստանի չեմպիոնի դարպասապահ Արսեն Բեգլարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց, որ այդքան էլ դրական էմոցիաներ չունի։

«Մենք ավելի բարենպաստ հաշիվ էինք ակնկալում: Այսօր այդքան էլ լավ չխաղացինք, բայց շատ կարևոր է, որ սեփական հարկի տակ գոլ բաց չթողեցինք և հաղթեցինք։ Ճիշտ է՝ նվազագույն հաշվով հաղթեցինք, սակայն այս հաշիվը բավարար է, և կարելի է արտագնա խաղում անհրաժեշտ արդյունքն ապահովել»,- ասաց Բեգլարյանը։

Արսեն Բեգլարյանը խոսեց նաև մրցակցի «մարտավարության» մասին․

«Սպասում էինք, որ ամբողջ խաղի ընթացքում սիմուլյացիայի կդիմեն և կսադրեն, ինչը մեզ հունից կհանի, քանի որ էմոցիոնալ ազգ ենք: Այդ ամենը գցում է նաև խաղի տեմպը։ Ինչ-որ չափով նաև մեր մեղքն էր, քանի որ կարող էինք ավելի հավաք խաղալ: Բացի այդ, ազդեցություն ունեցավ այն փաստը, որ երկար ժամանակ չէինք խաղացել։ Կարծում եմ՝ մյուս խաղում ամեն ինչ ավելի լավ կլինի: Սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել․ ճիշտ է՝ անցած տարվա արդյունքը չէ, բայց վատ ելք էլ չէ»:

Դարպասապահն անդրադարձավ նաև Միհրան Մանասյանի բացակայությանը․

«Միհրանի բացակայությունը մեզ համար լուրջ կորուստ էր, քանի որ նա թիմի լավագույն ռմբարկուներից մեկն է: Հուսով եմ՝ կկարողանանք հաջորդ փուլ դուրս գալ, և նա կկարողանա թիմին օգնել»:

Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում