Վարդան Բիչախչյան․ Սխալների համար առաջին պատասխանատուն ես եմ

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Սլովենիայի «Գորիցային»: Խաղից հետո գյումրեցների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մամուլի ասուլիս տվեց։

«Բարդ դրության մեջ դրեցինք մեզ: Գաղտնիք չէ, որ առաջին խաղում, մանավանդ եթե սեփական դաշտում ես խաղում, պետք է գոլ բաց չթողնել, պետք է գոնե նվազագույն հաշվով հաղթել։ Չեմ կարող ասել, թե ցանկություն, պայքար չկար, բայց յուրաքանչյուր կեսում մեկական գոլ բաց թողեցինք։ 

Ամեն դեպքում, ունեինք 60-70%-անոց պահեր, բայց չկարողացանք դրանք օգտագործել: Պարզ է, որ բարդ իրավիճակում հայտնվեցինք: Պատասխան խաղին որպես տուրիստ չենք մեկնելու․ ֆուտբոլում անհնարին բաներ չկան, կփորձենք ավելի լավ հանդես գալ»,- ասաց գյումրեցիների մարզիչը։

– Հաշվի առնելով կադրային ու խաղային խնդիրները՝ այսօր ինչպե՞ս էիք փորձելու հաղթել:

– Վերլուծել էինք մրցակցի խաղը: Մրցակիցն աչքի ընկավ կարգապահ ու կոմպակտ պաշտպանությամբ: Կենտրոնով գրեթե անհնար էր խաղալ։ Նպատակ ունեինք եզրերով ճեղքելու պաշտպանությունը, բայց, ցավոք, չստացվեց։ Հակառակորդն էլ մեզ ազատ տարածություններ չտվեց։ Մնում էր խաղալ երկար փոխանցումներով։ Նման պաշտպանության դեմ խաղալով՝ պետք է կարողանայինք հեռու տարածություններից հարվածել, որը կրկին չստացվեց։ Ստանդարտ խաղարկումներն էլ չկարողացանք օգտագործել։ Ուսումնասիրելով մրցակցի խաղը՝ մարզումների ժամանակ հակաքայլեր էինք մշակել, բայց, բնականաբար, պետք է կարողանաս խաղալ այդպես։ Մեր գլխավոր խնդիրն այն էր, որ հարձակման գծում չկար բավարար արագություն։

– Նշեցիք, որ կարող էինք օգտագործել ստանդարտները։ Այդ դեպքում Մարկո Պրլևիչի բացակայությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Հանքավանում հավաքի ընթացքում նա մկանն էր ձգել: Մոտ 10 օր չմարզվեց։ Խաղից 3 օր առաջ է մարզվել, բայց ռիսկի չդիմեցինք։ 

–  Ֆուտբոլիստներին «պատժելու» տարբերակներ կա՞ն։

– Սա ուղղիչ-աշխատանքային գաղութ չէ։ Եթե ամեն սխալի համար պատժենք, մեկին գնդակահարենք, մյուսին ուղարկենք գաղութ, 3-4 խաղ հետո ֆուտբոլիստ  չենք ունենա։ Ամեն դեպքում այսօր թիմի մոտ տեսել եմ ցանկություն: Նորից եմ կրկնում՝ մեծ էր մրցակցի գործոն: Սխալների համար առաջին պատասխանատուն ես եմ: Շարունակելու ենք աշխատել և ուղղել մեր սխալները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում