«Բանանցի» նախկին առաջատարը վերադարձել է

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։

Ռումյան Հովսեփյանը 2012-2015 թվականներին հանդես է եկել «Բանանցի» կազմում՝ թիմի հետ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: Մինչ այդ՝ 2011-2013 թվականներին խաղացել է Դիլիջանի «Իմպուլսում», նա 2015 թվականին երեք խաղ է անցկացրել «Փյունիկում», ապա տեղափոխվել է Ուկրաինա՝ խաղալով Դոնեցկի «Մետալուրգում» և Կամիանսկեի «Ստալում»:

Նախորդ երկու մրցաշրջանները Հովսեփյանն անցկացրել է «Շիրակում» և դարձել է Հայաստանի գավաթակիր:

««Բանանցն» ինձ համար շատ հոգեհարազատ ակումբ է և այստեղ շատ լավ տարիներ եմ անցկացրել թե՛ մանկապատանեկան, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Շատ դրական եմ տրամադրված և հնարավոր ամեն ինչ կանեմ ակումբին օգտակար լինելու համար: «Բանանցում» շատ բան է փոխվել իմ հեռանալուց հետո: Առաջին հայացքից ամեն ինչ նույնն է՝ նույն տարածքը, նույն դաշտերը, նույն աշխատակիցները, բայց շատ բաներ նաև փոխվել են, ինչպիսիք են մոտացումը, մտածելակերպը և փիլիսոփայությունը»,- ասել է Ռումյան Հովսեփյանը:

«Ռումյան Հովսեփյանը շատ օգտակար կարող է լինել «Բանանցի» համար: Նա արդեն հանդես եկել է այստեղ և բոլորն են տեղյակ իր որակների մասին: Իր փորձով և խաղով Ռումյանը կարող է օգտակար լինել թիմին ինչպես արդյունքների հարցում, այնպես էլ կօգնի երիտասարդ ֆուտբոլիստներին բարելավել իրենց խաղամակարդակը,- Հովսեփյանի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Ռումյան Հովսեփյանը նաև 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում