Արտակ Գրիգորյանի բուժզննման արդյունքները

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» հետ խաղի ընթացքում վնասվածք էր ստացել։

Բուժզննման արդյունքում 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է այտոսկրի բազմաբեկորային կոտրվածք,- տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Երկու շաբաթից Գրիգորյանը կվերսկսի մարզումները, իսկ 4 շաբաթ հետո կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Իրոք, շատ ցավալի վնասվածք ստացա: Շատ մեծ էր Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտին» օգնելու ցանկությունս: Հուսով եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Գրիգորյանը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նաև պատմել է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ուղեգիր նվաճած «ԲՄԱ-Խաբարովսկ» թիմում անցած կարճաժամկետ փորձաշրջանի մասին.

««Ալաշկերտի» ղեկավարության և մարզչական շտաբի թույլտվությամբ մեկնեցի փորձաշրջանի: Ըստ պայմանավորվածության, պետք է մեկ խաղակեսի մասնակցեի ստուգողական խաղում և վերադառնայի «Ալաշկերտի» ճամբար: Մնացածը պարզ կդառնա հետագայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում