Վե՞րջ թշնամանքին. «Միլանն» ու Դոնարուման նոր պայմանագիր կկնքեն

«Միլանը» և թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնության են հասել նոր պայմանագիր ստորագրելու հարցում: 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 100 միլիոն եվրո, իսկ Չեմպիոնների լիգայում չհայտնվելու դեպքում` 50 միլիոն,- տեղեկացնում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարով: Իտալացու աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, տարեկան կազմելու է 6 միլիոն եվրո:

«Միլանի» երկրորդ դարպասապահն է դառնալու Դոնարումայի ավագ եղբայրը` Անտոնիոն, ով ներկայումս հանդես է գալիս հունական «Աստերասում»: Նրա տրանսֆերի համար «ռոսոներին» 1 միլիոն եվրո է վճարելու:

«Միլանի» հետ համաձայնության հասնելուց առաջ Ջիջիոն մերժել է «Պարի Սեն Ժերմենի»` տարեկան 13 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Միլանի» սանը հրաժարվել էր ակումբի հետ նոր պայմանագիր կնքել: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը: Իտալական ակումբը դարպասապահին տարեկան 5 միլիոն եվրոյի աշխատավարձ էր առաջարկում: Մերժումից հետո «ռոսոներիի» ղեկավարությունը որոշել էր 30-40 միլիոնով չվաճառել Դոնարումային, և որպես պատիժ նրան մեկ տարի զրկել խաղային պրակտիկայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում