Աշոտ Բարսեղյան. Ստիպված էինք ռիսկի դիմել

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Գանձասար-Կապան» – «Մլադոստ» պատասխան հանդիպումից (0:3) հետո կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Առաջին խաղում չեռնորգորցիները նույնպես հաղթել էին. գրանցվել էր 1:0 հաշիվը:

– Գրանցված հաշիվը խաղի ընթացքին համապատասխանո՞ւմ էր:

– Ոչ: Պարտվել էինք առաջին խաղում, մեզ գոլ էր հարկավոր: 60-րդ րոպեին հարձակվող խաղադաշտ դուրս բերեցինք, որպեսզի սրություն առաջանար: 0:0 հաշիվը մեզ ձեռնտու չէր: Եթե գոլ խփեինք, կասեին այս ինչ հրաշալի բան եղավ: Ցավոք, հակառակ պատկերը ստացվեց: Վերջին երկու գոլերի մասին նույնիսկ իմաստ չկա խոսելու, տղաները թևաթափ էին արդեն եղել: Լավ խաղացինք, բայց եզրափակիչ փուլում թերացանք, նրանք մեծ թվաքանակով էին պաշտպանվում:

– Արդեն տեղյա՞կ եք, որ ձեր թիմի գոլը «մաքուր» էր:

– Դեռ կրկնապատկերը չեմ տեսել, բայց ինձ ասել են, որ գոլն օրենքների սահմաններում էր: Բայց այդ, հարկավոր էր մեր օգտին նվազագույնը մեկ 11-մետրանոց նշանակել: Օրինակ, առաջին կեսում Ջունիորի հարվածից հետո գնդակը դիպավ պաշտանի ձեռքին: Եթե այդ դրվագը գոլով ավարտվեր, բացարձակապես այլ խաղ կընթանար:

– Բողոք ներկայացնելո՞ւ եք:

– Ակումբի նախագահն ասեց, որ կներկայացնենք: Երկու խաղերում էլ մեր դեմ սխալ որոշումներ կայացվեցին: Ամեն դեպքում իմ սաներին ասացի, որ գոհ եմ նրանց խաղից:

– Տեսակրկնությունների համակարգի անհրաժեշտությունը կրկի՞ն զգացնել տվեց:

– Միշտ ասել եմ, որ մրցավարի մեկ որոշումը կարող է ճակատագրական լինել: Եթե հնարավորություն լինի մեկ անգամ վերանայելու դրվագը և ճիշտ որոշում կայացնել, շատ ավելի լավ կլինի: Նման վիճելի պահեր խաղի ընթացքում մեկ-երկու անգամ են լինում, շատ ժամանակ չի խլի: Հարկավոր է սկսել մշտապես օգտագործել տեսակրկնությունները:

– «Մլադոստն» անհարմար մրցակի՞ց էր:

– Այո: Արագությամբ ու հասակով նրանք լուրջ խնդիրներ էին ստեղծում: Բացի այդ, նրանք համալրվել էին յոթ-ութ փորձառու խաղացողներով: Պարզվեց, որ նրանցից շատերն այն ֆուտբոլիստները չէին, որոնց տեսել էինք տեսագրություններն ուսումնասիրելու ժամանակ:

– Ակումբի ղեկավարության կողմից առաջին փուլը պարտադիր հաղթահարելու պահանջ կա՞ր:

-Ոչ: Նրանք ըմբռնումով են մոտենում ամեն ինչին: Ղեկավարությունը ցանկանում է, որ մենք լավ ֆուտբոլ խաղանք, և դրա համար ամեն ինչ անում է: Խաղից հետո ակումբի նախագահը մտավ հանդերձարան և բոլորին գովեց: Նա միշտ մեզ քաջալերում է:

– Նշել էիք, որ «Գանձասարը» կայացման ճանապարհին է գտնվում: Այս պարտությունն ինչպե՞ս կազդի թիմի վրա:

– Յուրաքանչյուր պարտություն հաղթանակների սկիզբ է դառնում: Իհարկե, վերլուծելու ենք խաղը, հասկանալու ենք, թե որ դիրքերը պետք է ուժեղացնենք, ինչի վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք: Թույլ թիմերի դեմ խաղալով դա չի երևում: Պետք է սկսենք ավելի արդյունավետ գործել:

Առաջին կեսից հետո տղաներին զգուշացրել էի, որ գոլ բաց թողնելու դեպքում ինչ է պետք անել: Յուսպաշյանը պետք է ավելի հետ նահանջեր, իսկ մեր եզրային պաշտպաններն ավելի հաճախ առաջ շարժվեին: Հարկավոր էր հարձակվող ավելացնել: Չգիտեմ՝ համաձայն ե՞ք, թե՞ ոչ մենք սուր գործեցինք:

-Առաջին կեսում երկու վտանգավոր պահ ստեղծեցիք: Ինչի՞ հաշվին պետք է գրավեիք դարպասը:

– Երեկ ասել եմ, որ շտապելու կարիք չկար: Բաց թողած մեկ գոլը մեզ համար աղետ կդառնար: Հարկավոր էր համբերատար սպասել մեր հնարավորությանը: Մեմովիչի հարվածից հետո կարող էր դարպասաձողի փոխարեն գոլ գրանցվեր, Ժունիորի դրվագը… Այո, կգար պահը, երբ ռիսկի դիմելու անհրաժեշտություն կլիներ, այդպես էլ եղավ` հենակետայինի փոխարեն հարձակվող դուրս բերեցինք խաղադաշտ, սակայն մրցակիցն օգտվեց անհատական սխալներից: Թույլ էինք տալիս ընդունել գնդակը, ինչը չպետք է լիներ: Կենտրոնացվածության պակասի պատճառով ընդունեցինք գոլը:

– Թիմի նորեկների խաղն ինչպե՞ս եք գնահատում:

– Անցած խաղի համեմատ ավելացրել էին: Ալեքսն ու Քրիստը դեռ պատրաստ չեն երկու խաղակես խաղալուն, բայց հետագայում նրանք մեզ շատ կօգնեն:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում