«Գորիցա» – «Շիրակ». Կարմիր քարտեր և քամբեքի իրական շանս (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Շիրակը» հյուրընկալվել էր «Գորիցային»․ գրանցվել է ոչ-ոքի 2:2 հաշիվը: Առաջին խաղում 0:2 հաշվով կրած պարտությունից հետո գյումրեցիներին միայն վստահ հաղթանակ էր հարկավոր:

Հաշիվը բացվել է 13-րդ րոպեին: Դեպի տուգանային հրապարակի կենտրոն փոխանցված գնդակը դիպչել է Մարկո Պրլևիչին ու հայտնվել հայկական թիմի դարպասում: 34-րդ րոպեին անդրադարձն արդեն օգնել է «Շիրակին»․ Մոհամեդ Կաբայի միջին տարածությունից հարվածից հետո գնդակը դիպչել է պաշտպանին, ապակողմնորոշել դարպասապահին ու հայտնվել դարպասում: 56-րդ րոպեին Հայաստանի գավաթակիրը ևս մեկ անգամ է աչքի ընկել․ Վահան Բիչախչյանը մոտ 15 մետր հեռավորությունից վարպետորեն կատարած հարվածով գրավել է Գրեգա Սորչանի դարպասը:

Երրորդ գոլը գյումրեցիներին հաջորդ փուլ դուրս կբերեր, սակայն այն չհաջողվեց խփել: Փոխարենը, սլովենացիները 90+2 րոպեին արագ հակագրոհ կազմակերպեցին, Բեդե Օսուջին մեն-մենակ դուրս եկավ Անատոլի Այվազովի հետ և նրա գլխավերևով գնդակն ուղարկեց դարպասը:

Դրանից 4 րոպե առաջ երկրորդ դեղին քարտն էր ստացել ու խաղադաշտից հեռացվել Ռոբերտ Դարբինյանը, մրցակցի գոլը տոնելու ժամանակ մրցավարին վիրավորելու համար խաղադաշտից հեռացվեց նաև Աղվան Դավոյանը:

Այսպիսով, «Շիրակն» ընդհանուր 2:4 հաշվով պարտվեց «Գորիցային» ու դուրս մնաց հետագա պայքարից:

Խփված գոլերը

Խաղի ամբողջական տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում