«Աղբանոցում քեզ համար լավ ավտոմեքենա կգտնես»․ 12 պատմություն Ռոնալդուի մասին

Կրիշտիանու Ռոնալդուն միշտ չէ, որ հաղթել է, և հեշտ ճանապարհը չէ, որ նրան բարձունքին է հասցրել: Ներկայացնում ենք պատմություններ, որոնք Կրիշտիանու Ռոնալդուին այլ լույսի ներքո են ներկայացնում: 

1. Գլխավոր տրանսֆերը Ռոնալդուն 11 տարեկանում է իրականացրել։ Ե՛վ Կրիշտիանուն, և՛ Մարիա Դոլորեշը վստահ չէին, բայց միմյանց համոզում էին «Սպորտինգ» տեղափոխվելու կարևորությունը: Արդեն Լիսաբոնում առաջին անհաջողություններից ու կարոտից Ռոնալդուն ցանկանում էր վերադառնալ, իսկ մայրը հեռավորության վրա համոզում էր մնալ։ Դոլորեշն այլ լուրջ պատճառ էլ ուներ. Կրիշտիանուի հայրը՝ Դինիշը հարբեցող էր, ու մայրը ցանկանում է որդուն հեռու պահել ամենօրյա վեճերից։

Լիսաբոն գնալուց առաջ ծնողները նոր հագուստ էին գնել Կրիշտիանուի համար: Ցանկանում էին, որ նա աղքատ ընտանիքի զավակի տեսք չունենար։ Ռոնալդուն խաղալիքներ չուներ, միայն ֆուտբոլի գնդակ, և եթե հիմա հյուրանոցային ցանց ունի, մանկության տարիներն անցկացրել է աղյուսե անշուք տան մեջ: «Անդորինյայի» մարզիչներն անհանգստանում էին նրա առողջության համար, մարզումներից հետո կերակրում էին տուն ճանապարհելուց առաջ:

Առհասարակ Ավեյրուների աղքատ ընտանիքին Ռուա Կանտադու Ֆալկաո փողոցում չէին սիրում․ Կրիշտիանուն ֆուտբոլ խաղալիս հարվածում էր հարևանների տների ապակիներին, կոտրում դրանք ու արագ փախչում: Երբ դժգոհ հարևանները գալիս էին Մարիա Դոլորեշի մոտ, նա հրաժարվում էր վճարել վնասի համար հասկանալի պատճառով։

2. «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիրը կարող էր չծնվել․․․ Մարիա Դոլորեշը, Ֆունշալի հյուրանոցում էր աշխատում ու չորրորդ երեխային կերակրելու համար գումար չուներ: «Փորձում էի մինչև գիտակցությունս կորցնելն աշխատել ու տաք գարեջուր խմել երեխային կորցնելու համար։ Փորձերը, բարեբախտաբար, չօգնեցին»,- հիշում է Դոլորեշը: 

Ռոնալդու նա դարձավ հոր՝ Ռոնալդ Ռեյգանի հանդեպ սիրո պատճառով, իսկ Կրիշտիանու նրան մանկատանն աշխատող հորաքույրն անվանեց: «Անդորինյայում» Ռոնալդուն հոր՝ թիմի ադմինիստրատորի շնորհիվ հայտնվեց: Ռոնալդուին այնտեղ երկու կեղծանուն տվեցին՝ Լացկան և Աբելինյա (կծելու համար):

3. «Սպորտինգի» ակադեմիայում դասի առաջին օրը Ռոնալդուի համար իսկական մղձավանջ էր: Ուսուցչուհին նրան խնդրեց կանգնել ու ներկայանալ: Ռոնալդուն կանգնեց ու շեշտակի տոնով ասաց. «Բարև, ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ։ Ես Մադեյրայից եմ»: Համադասարանցիներն ու ուսուցչուհին ծիծաղեցին, որից հետո Կրիշտիանուն բարկացավ, վերցրեց աթոռն ու զգուշացրեց ուսուցչուհուն՝ եթե շարունակեր ծիծաղել՝ որևէ մեկի գլխին կնետեր: Սովորելու առաջին տարին Ռոնալդուի համար արտասանության վրա աշխատելու շրջան էր։ Նա բառերն այնքան էր կրկնում, մինչև լիսաբոնյան առոգանությամբ արտասաներ:

«Երեխաները նրա վրա շատ էին ծիծաղում, բայց նա խելացի է ու արագ կարողանում է յուրացնել ինֆորմացիան: Բոլորն ասում էին, թե Կրիշտիանուն հիմար է, բայց նա կարողացավ իսպաներեն ու անգլերեն սովորել»,-ասում է քույրը՝ Էլման: 

4. Ֆուտբոլային աշխարհի նրա ընկերը Ֆաբիու Ֆերեյրան է: Նրանք միասին գիշերել են «Ժոզե Ալվալադեի» մարզադաշտի հին շենքում, որտեղ 7 ննջարան, հեռուստացույցով մեկ ընդհանուր սենյակ, սեղան, պահարան ու յուրաքանչյուրի համար մի քանի դարակ կար:

«Կրիշտիանուի դարակը դատարկ էր, միակ բանը մոր ու եղբայրների հետ լուսանկարն էր»,- հիշում է Ֆերեյրան:

Մի անգամ Կրիշտիանուն Ֆերեյրայի փոխարեն հարված ստացավ տղաներից, որոնց նույնիսկ չէր ճանաչում: Ճաշարանից մարզադաշտ ճանապարհին նրա վրա 5 հասակակից հարձակվեց, մեկի ձեռքին դանակ կար։ Ռոնալդուին հարցրին. «Դո՞ւ ես օրեր առաջ խփել մեր ընկերոջը:» Հետո դեմքին կապտուկներ հայտնվեցին։

«Ես էի այդ տղային խփել: Ես ու Կրիշտիանուն շատ նման էինք, բոլորը մտածում էին, թե եղբայրներ ենք»,- պատմում է Ֆերեյրան, ով կարճ կարիերա ունեցավ պորտուգալական ու իսպանական թիմերում, ապա տեղավորվեց Մոնտե-Գորդո ռեստորանում: Չնայած Ֆաբիուն և Կրիշտիանուն տարբեր ուղիներով շարժվեցին՝ ընկերական հարաբերությունները պահպանվել են։

5. Ռոնալդուն Ֆերգյուսոնին է իր ֆուտբոլային հայրը համարում, բայց նրա կյանքում հոր կարգավիճակին արժանի մի մարդ էլ կար՝ Լեոնել Պոնտեսը: Նա Ռոնալդուի խնամակալն էր, երբ տղան չէր կարողանում ամրապնդվել «Սպորտինգում»:

Ռոնալդուն ամեն օր մոտենում էր մարզադաշտի հարևանությամբ գտնվող հեռախոսային խցիկին, լալիս ու մորը խնդրում տուն վերադառնալ: Երբ բոլոր ֆուտբոլիստներն ընտանիքների մոտ էին գնում, Պոնտեսը Ռոնալդուին իր տուն էր տանում ճաշելու: Կրիշտիանուն երբեմն նրա հետ շրջում էր Լիսաբոնով, երբեմն գնում Կաշկայշ քաղաքի լողափ: Նրանց ջերմ հարաբերությունները երկար տարիներ պահպանվեցին, 2012-ին Պոնտեսը՝ որպես Պաուլու Բենտուի օգնական, մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, առաջինը Ռոնալդուին շնորհավորեց խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակների կապակցությամբ (հոլանդացիների ու չեխերի դեմ խաղերից հետո)։

6. Կրիշտիանուի վճարվող առաջին աշխատանքը «Սպորտինգի» գլխավոր թիմի խաղերի ժամանակ ֆուտբոլիստներին գնդակ տալն էր: Ի դեպ, Ռոնալդուից գնդակ վերցնող ֆուտբոլիստներից մեկը Գաբրիել Հայնցեն էր, ով Ռոնալդուից մեկ տարի ուշ հայտնվեց Մանչեսթերում: Ամեն խաղի համար 10 եվրո էին վճարում: Այդ գումարով Ռոնալդուն ընկերների հետ «McDonalds»-ի համբուրգեր էր գնում կամ խորոված միս: Անառողջ, բայց համեղ սննդի հանդեպ սերը պարզ բացատրություն ուներ՝ «Սպորտինգի» սաների սննդակարգն անփոփոխ էր, իսկ այլ սննդի համար Ռոնալդուն գումար չուներ: 

7. Կրիշտիանուն պաշտում էր խաղային ավտոմատները: «Սպորտինգի» դպրոցում սովորելու ընթացքում նա ամեն ամիս գրպանի ծախսերի համար Մարիա Դոլորեշից 30 եվրո էր ստանում: Ֆաբիու Ֆերեյրայի հետ Ռոնալդուն ամբողջ գումարը ծախսում էր մոտակա խաղասրահում․ «Puzzle Bobble» էին խաղում կամ «Daytona»: Մայրը սկսեց կասկածել, երբ Կրիշտիանուն զանգահարեց ու գումար խնդրեց: Դոլորեշը միանգամից զանգահարեց Լեոնել Պոնտեսին. «Չի կարող պատահել, որ մեկ ամսվա գումարը տղան մեկ շաբաթում ծախսած լինի»: Պոնտեսը հետևեց Կրիշտիանուին, իսկ հետո վերջինս ու Ֆերեյրան այլևս չմոտեցան ավտոմատներին:

Խաղերի հանդեպ սերը Կրիշտիանուի մոտ չի մարել, բայց հիմա նա համակարգչով է խաղում: 5 տարի առաջ, երբ Եվրոպայի առաջնության ժամանակ Պորտուգալիայի հավաքականն ապրում էր լեհական Օպալենիցե քաղաքում, պորտուգալացիներն իրենց տրամադրության տակ «Play Station»-ի խաղերի լայն ընտրանի ստացան հատուկ Ռոնալդուի համար: 

8. «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հիմնական պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն էր: Եզրում Ռոնալդուն Ջոն Օ՛Շիի դեմ էր խաղում ու արդեն ընդմիջմանն իռլանդացին հանդերձարանում ասաց, որ մի լավ շունչ քաշելու կարիք ունի:

«Մենք Շիզիին միշտ ասում էինք, որ ոչ մի դեպքում Ռոնալդուին չէինք գնի, եթե նա աննորմալ ծաղրածուի պես չխաղար»,- ասել է Ռոյ Կինը:

Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Ֆերգյուսոնին ակնարկեցին, որ Կրիշտիանուն չափազանց լավ է խաղում: Փորձառու մարզիչը ժպտաց, ապա ակումբի ղեկավարությանը խնդրեց Ռոնալդուի տրանսֆերով զբաղվել։

Ֆերգյուսոնը Մանչեսթերում Ռոնալդուն հարցրեց, թե ո՞ր համարի ներքո կցանկանար խաղալ: Ռոնալդուն 28-րդը ընտրեց, բայց սըր Ալեքսը միանգամից պատասխանեց. «Ո՛չ, դու 7 համարի ներքո կխաղաս»: Համար, որ ներքո էին խաղացել Բեսթը, Կանտոնան, Բեքհեմը… Ռոնալդուն հետո խոստովանեց, որ նշանավոր համարը ոգեշնչում էր իրեն:

9. Երբ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց, «EASports» ընկերությունն առաջարկեց «FIFA 2004» խաղի դեմքը դառնալ: Եթե վիրտուալ ֆուտբոլ խաղացել եք, ապա գիտեք, որ դա ֆուտբոլում նոր քայլեր կատարող ցանկացած պատանու երազանքն է: Ռոնալդուն համաձայն էր, բայց սըր Ալեքս Ֆերգյուսոնն արգելեց: Կրիշտիանուն 14 տարի անց միայն դարձավ FIFA-ի շապիկի հերոսը:

10. Ռոնալդուն դաջվածքներով մարմինը չի ծածկում, որպեսզի շարունակի արյան դոնոր մնալ: Նա առնվազն տարին 2 անգամ արյուն է հանձնում: Մի քանի տարի առաջ Ռոնալդուն օգնեց պորտուգալացի ընկերոջը՝ Կառլուշ Մարտինեշին, ում լեյկեմիա ունեցող երեխան արյան կարիք ուներ: Ռոնալդուն ոսկրածուծի դոնոր դարձավ։

11. «Սպորտինգի» ակադեմիայում հայտնվելու սկզբնական շրջանում Կրիշտիանուն դաշտի աղբն էր սայլով դուրս հանում: Երբ վերցնում էր սայլը, նրա շուրջն էին հավաքվում «Սպորտինգի» մյուս ֆուտբոլիստներն ու ծաղրանքով բղավում. «Ֆերրարի՜, Ֆերրարի՜»: Մի օր, երբ Կրիշտիանուն հերթական անգամ աղբ է հեռացնում, խաղընկերներից մեկը մոտեցավ ու ասաց. «Հե՜յ, աղբանոցում քեզ համար լավ ավտոմեքենա կգտնես»:

«Դու կարող ես հաճույք ստանալ քո վիրավորանքից, բայց մի գեղեցիկ օր իմ «Ֆերրարին» կունենամ: Դեռ կտեսնես»: Այդպիսին էր Ռոնալդու պատասխանը:  Նա չսխալվեց։

12.  Ռոնալդուի պատմությունն արցունքոտ է, ինչպես «Անդորինյայում» նրա խաղերը: Կրիշտիանուն լաց էր լինում, երբ նստեցնում էին պահեստայինների նստարանին, երբ նրան փոխանցում չէին կատարում, երբ թիմը պարտվում էր: Ֆուտբոլիստի հոգեբանության վրա չազդելու համար մարզիչ Ֆրանսիշկու Աֆոնսուն նրան համոզել է չմասնակցել «Մարիտիմուի» դեմ խաղին․ վստահ էր, որ պարտվելու էին:

Ռոնալդուն լալիս էր մոր հետ հեռախոսազրույցների ժամանակ: Լալիս էր, երբ Պորտուգալիայի հավաքականը պարտվեց Եվրո 2004-ում։ Լալիս էր, երբ ստացավ «Ոսկե գնդակը», երբ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Ֆուտբոլիստի նկատմամբ առանձնակի համակրանք չտածողների համար, այդ արցունքները ծիծաղելի են, բայց ցավալի մանկություն, նման պատմություն ունեցողներից քանի՞սն են ավելի ուժեղ, քան Ռոնալդուն։ 

Օգտագործված աղբյուրներ՝ A Bola, AS, Championat.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում