Ալի Ալիևի մրցաշար․ Ի՞նչ հարցերի պատասխան կտա այն

Այսօր Ռուսաստանի Կասպիսկ քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Ալի Ալիևի անվան 48-րդ հուշամրցաշարը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հետևյալ կազմով` Գարիկ Բարսեղյան (57 կգ քաշային կարգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Վահե Թամրազյան (86 կգ) և Գեորգի Կետոև (97 կգ) կազմով։

ՀԱՕԿ լրատվականին տված մեկնաբանությունում Հաբեթնակ Կուրղինյանը նշել էր, որ այս 5 ըմբիշներին մրցաշարում փորձարկելու պատճառը վերջիններիս՝ միջազգային ասպարեզում ավելի քիչ գոտեմարտեր անցկացնելն է, և այս մրցաշարը լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել ըմբիշների մարզավիճակը։

Այս ըմբիշները մասնակցել են մայիսին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1:8 հաշվով զիջել էր Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին՝ դուրս մնալով պայքարից։

65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը 1/16 եզրափակչում 0։11 հաշվով զիջել էր Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովին և նույնպես դուրս մնացել հետագա պայքարից։ 70 կգ քաշային կարգում Վալտեր Մարգարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Իսրայել Կասումովի հետ (Ռուսաստան) և պարտվել 0։11 հաշվով։

86 կգ քաշային Վահե Թամրազյանը 1/8 եզրափակչում 11։2 հաշվով հաղթել էր Իսրայելը ներկայացնող Վալենտին Ռադչենկո Միխայելչենկոյին, բայց քառորդ եզրափակչում 3։5 հաշվով զիջել Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևին։ Վերջինս, հասնելով մինչև եզրափակիչ, իրավունք տվեց Թամրազյանին մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, սակայն նա 2։7 հաշվով պարտվեց Մաթուս Բարանովսկուն (Լեհաստան)։

97 կգ քաշային Գեորգի Կետոևը 1/16 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Տարիկ Ազուցին (Բելառուս), 1/8 եզրափակչում էլ 1։11 հաշվով պարտվել ադրբեջանցի Ասլանբեկ Ալբորովին։

Եվրոպայի առաջնությունից հետո հայ ըմբիշների հաջորդ միջազգային ստուգատեսը հունիսի 10-11, Թբիլիսիում կայացած ըմբշամարտի Գրան-պրին էր, որին այս 5 ըմբիշներից միայն Գեորգի Կետոևը չմասնակցեց։

Բարսեղյանն անցկացրեց 4 գոտեմարտ և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Սիրունյանը անցկացրեց ընդամենը 1 գոտերմարտ և պարտվեց Թուրքիան ներկայացնող Սելահաթին Կիլչսալայանին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Նարեկն իրավունք ստացավ մասնակցելու 3-րդ տեղի համար գոտեմարտին, բայց նրա մրցակիցը գորգ դուրս չեկավ։ Այսպիսով, Սիրունյանը, անցկացնելով 1 գոտեմարտ, բրոնզե մեդալ նվաճեց։ Մարգարյանն անկացրեց 3 գոտեմարտ և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Թամրազյանը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում։

Այսպիսով, մայիս ամսից սկսած Բարսեղյանն անցկացրել է 5 գոտեմարտ, Սիրունյանը՝ 2, Մարգարյանը՝ 4, Թամրազյանը՝ 4, իսկ Կետոևը՝ 2։

Այսօր Ալի Ալիև հուշամրցաշրում պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդռասուլ Մագոմեդովը։

65 կգ քաշային կարգի մրցաշարային ցանցում բացակայում է Նարեկ Սիրունյանի անունը: 74 կգ քաշային կարգում հայտավորված է Վալտեր Մարգարյանը, ով սովորաբար հանդես է գալիս 70 կգ քաշային կարգում: Այս մրցաշարում նա պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ գոտեմարտելով ադրբեջանցի Իսմայիլ Աբդուլաևի հետ։ Մեծ է հավանականությունը, որ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը նույնպես կգոտեմարտի մեկ քաշային կարգ բարձր, ինչով էլ պայմանավորված է նրա բացակայությունը 65 կգ քաշային կարգի մրցաշարային ցանցում։

97 կգ քաշային Գեորգի Կետոևը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ գոտեմարտելով Ասլանբեկ Ալբորովի (Ադրբեջան) հետ։

Ալի Ալիևի մրցաշարը հայ ըմբիշների համար թերևս վերջինը կլինի օգոստոսի 21-26 Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։ Ինչո՞ւ հատկապես այս կազմով է մեկնել մրցաշարին, արդյո՞ք պետք չէր փորձարկել նաև 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանին և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, կարիք չկա՞ր որոշ քաշային կարգերում Կասպիսկ տանել նաև հավաքականի երկրորդ համարներին.․․ Հարցեր, որոնց պատասխանը կստանանք աշխահի առաջնությունից հետո:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանի առաջ բավական բարդ առաջադրանք է դրված՝ հավաքականը պատրաստ վիճակում հասցնել աշխարհի առաջնության։ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականի մարզիչ նշանակվելուց և Եվրոպայի առաջնությունից բերած 3 բրոնզե մեդալից հետո ըմբշամարտի ազատ ոճի Հայաստանի հավաքականից ակնկալիքները ավելացան, և հիմա պետք է աշխարհի առաջնությունում այնպես հանդես գալ, որ նոր դժգոհությունների առիթ չլինի։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում