Կանանց թենիսի վարկանիշում նոր առաջատար կլինի

Կանանց թենիսի վարկանիշում նոր առաջատար կլինի

Աշխարհի երրորդ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովան հուլիսի 19-ին կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպն Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում պարտվել է: Պլիշկովան մրցաշարից դուրս էր մնացել դեռ երկրորդ շրջանում:

25-ամյա չեխը նախորդ մեկ տարվա ընթացքում 4 տիտղոս է նվաճել, որոնցից երեքը 2017 թվականին: Այդ ընթացքում նա դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ, «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ ու Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Պլիշկովան կդառնա պատմության 23-րդ առաջին ռակետը: Նախկինում Չեխիայի ոչ մի ներկայացուցչի դա չի հաջողվել: Լեգենդար Մարտինա Նավրատիլովան այդ նվաճմանը հասել է, երբ արդեն ներկայացնում էր ԱՄՆ-ն:

Վարկանիշի առաջին հորիզոնականում Կարոլինան կփոխարինի Անժելիկա Կերբերին, ով այն զբաղեցնում էր 2016 թվականի աշնանից: Գերմանուհին 32 շաբաթ գլխավորեց WTA-ի ցուցակը, ինչը պատմության 12-րդ լավագույն արդյունքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում