Իտալիայում աղմկալի տրանսֆեր է սպասվում. մանրամասներ

Իտալիայում աղմկալի տրանսֆեր է սպասվում. մանրամասներ

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին, ամենայն հավանականությամբ, այլ թիմ է տեղափոխվելու:

«Sport Mediaset»-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, ըստ որի տարեկան ստանալու է 7 միլիոն եվրո: «Ռոսոներին» արդեն առաջարկ է կատարել «ծեր սինյորային»: «Միլանը» պատրաստ է փորձառու իտալացու փոխարեն «բյանկոներիին» զիջել կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիին, եզրային պաշտպան Մատիա Դե Շիլյոյին և որոշակի գումարային փոխատուցում վճարել: «Յուվեն» մտորելու համար 3 օր ժամանակ է խնդրել:

Ավելի ուշ Բոնուչիի գործակալ Ալեսանդրո Լուչին «Sport Italia»-ի հետ զրույցում հաստատել է, որ իր հաճախորդը կարող է լքել Թուրինը, սակայն այլ թիմերի անուններ չի տվել.

«Աշխատում ենք Բոնուչիի տրանսֆերի շուրջ»:

Միաժամանակ, իտալական մեկ այլ հեղինակավոր պարբերական` «Corriere dello Sport»-ը գրում է, որ «ծեր սինյորան» իսկապես պատրաստվում է վաճառել իտալացու տրանսֆերը, և այն գնահատում է 50 միլիոն եվրո: Հավանական գնորդների թվում նշվում է նույն «Միլանը», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Վերջապես, «Tuttosport»-ը հայտնում է, որ իրավիճակին փորձում է խառնվել «Ինտերը», որն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ: Հիշեցնենք, որ Լեոնարդոն «ներաձուրիի» սանն է:

Բոնուչիի ընտանիքը չի ցանկանում լքել Իտալիան, ինչը զգալիորեն մեծացնում է «Միլանի» շանսերը: Իտալացու պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսը: Ավելի վաղ պաշտպանը լուրջ կոնֆլիկտ էր ունեցել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում