Ֆեդերեր․ Չէի հավատում, որ կարող եմ կրկին եզրափակչի մասնակցել

Ֆեդերեր․ Չէի հավատում, որ կարող եմ կրկին եզրափակչի մասնակցել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն «Ուիմբլդոնի» եզրափակիչ՝ խորվաթ Մարին Չիլիչի հետ հանդիպումից հետո գովաբանել է առողջական խնդիրներ ունեցող մրցակցին և մեկնաբանել է իր ռեկորդային հաղթանակը։

-Շատ դաժան է, երբ առողջական խնդիրներ ես ունենում եզրափակչի ժամանակ։ Հույս ունեմ՝ Չիլիչն ավելի հաջող եզրափակիչներ կունենա։ Նա պայքարեց, ինչպես կարողացավ։ Ինձ համար նա հերոս է։ Շնորհավորում եմ Մարինին հիանալի մրցաշարի կապակցությամբ։

Ժամանակավոր դադարն օգտակար եղավ ինձ համար։ Կրկին պատրաստ եմ կես տարով հեռանալ, եթե վերադարձս այսպես ֆանտաստիկ է լինելու։ Իսկ եթե լուրջ՝ անչափ ուրախ եմ գլխավոր տիտղոսն իմ ձեռքերում պահելու համար։ Սա աննկարագրելի զգացողություն է։ Ես չէի հավատում, որ կարող եմ կրկին խաղալ եզրափակչում, սակայն երազում էի «Ուիմբլդոնում» 8-րդ տիտղոսիս մասին։ Երազանքս իրականություն դարձավ։ Ես հիանալի մրցաշար անցկացրեցի, չպարտվեցի ոչ մի սեթ և հիմա տիտղոսն իմ ձեռքերում է։ Սա պարզապես ֆանտաստիկ է։ Հույս ունեմ՝ եկող տարի ևս կլինեմ այստեղ և կփորձեմ պաշտպանել տիտղոսս։

Հավանաբար, իմ տղաները չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանց թվում է, թե հայրիկը պարզապես հայտնվել է մեծ խաղահրապարակում։ Աղջիկներս էլ սիրում են հետևել խաղերիս, բայց ոչ շատ։ Նրանք ներկա են լինում միայն եզրափակիչներին,- պարգևատրման արարողության ժամանակ ասել է Ֆեդերերը, ով «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի արդեն 19 տիտղոս ունի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում