Երջանկության 2 րոպե. «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Երջանկության 2 րոպե. «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտն» ընդունել էր ԲԱՏԷ-ին: Առաջին խաղում գրանցված 1:1 հաշիվը մեծ հույսեր էր պահպանել երևանցիների համար:

Աբրահամ Խաշմանյանի թիմը շատ ակտիվ մեկնարկեց: 7-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածից հետո դարպասապահ Դենիս Շչերբիտցկին դժվարությամբ գնդակը հանեց անկյունային:

Երբ ԲԱՏԷ-ին թվաց, թե հետզհետե սկսում է տիրել տարածքային առավելությանը, երևանցիները 21-րդ րոպեին կայծակնային հակագրոհ կազմակերպեցին, որի ժամանակ Արտակ Եդիգարյանը հիասքանչ փոխանցումով դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Ուրոշ Նենադովիչին, ով հանգիստ գոլ խփեց։

«Ալաշկերտը» չէր հասցրել լիարժեք տոնել հաղթանակը, երբ երկու րոպե անց բելառուսները պատասխան գնդակը խփեցին: Միջին տարածությունից կատարած հարվածով Արսեն Բեգլարյանի դարպասը գրավեց Միխայիլ Գորդեյչուկը:

Մի քանի րոպե անց բորիսովցիները կարող էին ևս մեկ անգամ աչքի ընկնել, սակայն առաջին դեպքում թիմին փրկեց Բեգլարյանը, իսկ մեկ ակնթարթ անց Անդրանիկ Ոսկանյանը դարպասային գծի մոտից հեռացրեց ցանցից ներս գնացող գնդակը: Ցավոք, 35-րդ րոպեին հայկական թիմի պաշտպանությունում առաջացած հերթական մեծ տարածությունից օգտվեց նույն Գորդեյչուկը և առաջ մղեց իր թիմին:

Առաջին կեսում բորիսովցիները երկու հարկադրված փոփոխություններ կատարեցին: Վնասվածքների պատճառով ասպարեզը լքեցին Ալեքսեյ Ռիոսն ու Նիկոլայ Միլունովիչը:

Ընդմիջումից հետո Խաշմանյանն ուժեղացրեց հարձակման գիծը: Արտակ Գրիգորյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երկրորդ հարձակվող Միհրան Մանասյանը:

Երկրորդ կեսը Հայաստանի չեմպիոնը սկսեց մրցակցի դարպասի պաշարումով: Մի քանի անգամ վտանգավոր հարված կատարվեցին, սակայն պաշտպանները փակեցին դրանց ճանապարհը: Հետագա ժամանակահատվածում երևանցիները նախաձեռնող ֆուտբոլ էին խաղում, սակայն մրցակիցը գրագետ էր պաշտպանվում: Երկրորդ կեսի միջնամասում Վահագն Մինասյանը փոխարինեց Միլան Յաբլանին, և «Ալաշկերտը» 5-3-2 մարտավարությունից անցավ 4-4-2-ին: Հետագայում նաև Խովբոշային փոխարինեց Լեսթեր Պելտիերը և դասավորությունը դարձավ 4-3-3:

Մրցավարի կողմից հայտարարված ջրային դադարից անմիջապես հետո` 79-րդ րոպեին ԲԱՏԷ-ն արագ գրոհ կազմակերպեց, որի ժամանակ Մաքսիմ Վոլոդկոն սուր անկյան տակ հարված կատարեց, գնդակն անցավ Բեգլարյանի ձեռքերի տակով և հայտնվեց դարպասում: 1:3:

Մեկ րոպե հետո Մանասյանի պտտեցրած հարվածից հետո Շչերբիտցկին փրկեց բելառուսներին: Հետագա րոպեներին նույնպես մի քանի վտանգավոր պահեր ստեղծվեցին, բայց թիմի գործողություններում արդեն հուսահատություն էր նկատվում: 

Արդյունքում Ալաշկերտը պարտվեց 1:3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Սա եվրագավաթների երրորդ փուլ մտնելու համար յուրահատուկ շանս էր…

Հետևեք մեզ նաև Telegram-ում