Խաշմանյան. Դեռ չենք հասել այն մակարդակին, որ նման սխալներ թույլ չտանք

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» – ԲԱՏԷ պատասխան հանդիպումից (1:3, առաջին մրցավեճում` 1:1) հետո երևանցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամփոփեց խաղը:

– Առաջին 20 րոպեն հաջող գործեցիք, սակայն հետո այլ խաղ ընթացավ…

– Պարտությունից հետո արդարացում չի լինում: Նման խաղերում մեկ սխալը ճակատագրական է դառնում: Մրցակիցն օգտվեց մեր սխալներից: Վատ ֆուտբոլ չխաղացինք, անմնացորդ նվիրվեցինք, բայց դեռ չենք հասել այն մակարդակին, որ նման սխալներ թույլ չտանք:

– Չե՞ք կարծում, որ մեկնարկային ակտիվությունից հետո ֆիզիկապես թիմը թուլացավ:

– Ամբողջ խաղի ընթացքում տեմպը կարողացանք պահել: Գլխավոր պատճառները թույլ տված սխալներն են: Մրցակիցը փորձառու է և կարողացավ օգտվել այդ բացթողումներից:

– Պաշտպանությունում սխալներն ինչո՞վ էին պայմանավորված:

– Սխալները ոչ թե պաշտպանությունում էին, այլ դաշտի կենտրոնում: Մրցակցին ազատ տարածություններ տվեցինք: Իրավունք չունեինք նման բան անելու: Այդ դիրքում ունեինք խաղացող, ում վնասվածքի պատճառով կորցրել էինք (Արթուր Եդիգարյան-խմբ.), մյուսը լիովին պատրաստ չէր (Արտակ Գրիգորյան-խմբ.), խնդիրներ կային…

Իմ թիմն իր առավելագույն հնարավորություններով խաղաց: Ունեինք գոլային պահեր, որոնք չօգտագործեցինք: Եթե կարողանայինք մինչև ընդմիջում պահել 1:0 հաշիվը, երկրորդում կկարողանայինք խաղը մեր ձեռքերում պահել, սակայն «1:1»-ի ժամանակ շանսերն արդեն հավասար էին:

– Առաջին 20 րոպեն «Ալաշկերտը» շատ լավ էր գործում, բայց հետո չկարողացավ նույնկերպ խաղալ: Ո՞րն էր պատճառը:

– Պետք է հաշվի առնել նաև մրցակցի գործոնը: Նրանք սկսեցին ավելի լավ խաղալ ու կազմակերպված գործել: Նրանք խաղամակարդակով ավելի բարձր են: Եթե ուշադիր եք եղել, մեր դարպասին երեք հարված կատարեցին ու երեք գոլ խփեցինք:

– Համաձա՞յն եք, որ Արսեն Բեգլարյանն այսօր անպատասխանատու ֆուտբոլ խաղաց:

– Կարող եմ ասել, որ վատ խաղաց:

– Ասել էինք, որ ըստ իրավիճակների էինք խաղալու: «1:0»-ից հետո ճի՞շտ չէր ավելի հետ քաշված գործել:

– Ամեն ինչ շատ ակնթարթային եղավ, չհասցրեցինք վերադասավորվել: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է լինում: Խաղից առաջ հրահանգել էինք, որ պետք է ազատ տարածություններ չտալ: 1:1 հաշվի ժամանակ հարկավոր էր գրոհել:

– Նշում եք, որ մրցակիցը խաղամակարդակով ավելի բարձր էր, բայց առաջին 20 րոպեներին «Ալաշկերտի» գերազանցությունն ակնհայտ էր:

– Ֆուտբոլը 20 րոպե չի տևում: Մենք գնդակին էլ էինք ավելի շատ տիրում, բայց դա ոչինչ չէր նշանակում:

– Անցած տարվա պես որակավորման երկրորդ փուլից դուրս մնացիք: Ի՞նչ է փոխվել այս տարվա ընթացքում:

– Ավելի ուժեղ ենք դարձել: Ինձ համար դա ակնհայտ է:

– Թիմն ուժեղացնելու կարիք կա՞:

– Այո, բոլոր գծերում համալրման կարիք կա: Պարզապես այսօր Հայաստանում վիճակն այնպիսին է, որ չենք կարող լավագույններին բերել: Մեր մրցակիցը կլորիկ գումարով բարձրակարգ ֆուտբոլիստ է ձեռք բերում, բայց նույնիսկ խաղադաշտ դուրս չի բերում, պահեստայինների նստարանին է թողնում: Հայաստանում առանց գումարի փորձում ենք ֆուտբոլիստ հրավիրել…

Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր այսօր եկել էին մարզադաշտ ու աջակցում էին մեզ: Լավ կլինի, որ շարունակեն գալ մարզադաշտ, միայն նման հանդիսականներ ունենալու դեպքում կկարողանանք առաջ շարժվել:

– Նշեցիք, որ կադրային խնդիրներ կային դաշտի կենտրոնում: Հնարավոր չէ՞ր այդ բացը լրացնել կենտրոնական պաշտպաններից մեկին այդ դիրք տեղափոխվելով:

– Չեմ կարծում: Մեր կենտրոնական պաշտպանները դանդաղ են, իսկ դաշտի կենտրոնում արագաշարժ ու ագրեսիվ խաղացողներ են հարկավոր:

– Լեգիոներները մնալո՞ւ են թիմում:

– Այո: Այլ տարբերակ չունենք, որովհետև անիմաստ է ուրիշներին հրավիրել, ովքեր միևնույն է նույն մակարդակի են լինելու:

– Ինչպե՞ս եք գնահատում Չեմպիոնների լիգայում Ձեր թիմի ելույթները:

– Առաջնային խնդիրն առաջին փուլը հաղթահարելն էր: Ի տարբերություն շատերի, ես երկրորդ փուլը հաղթահարելու մտքերով չէի տարվել, որովհետև գիտեմ մեր հնարավորությունները:

– Ո՞րն էր պատճառը, որ պարտվելիս Զավեն Բադոյանին խաղադաշտ դուրս չբերեցիք:

– Չեմ կարող 4 փոփոխություն կատարել: Մկանային վնասվածք ստացած Յաբլանի փոխարեն հարկադրված Վահագն Մինասյանին խաղադաշտ դուրս բերեցինք, իսկ Մանասյանի ու Լեսթերի միջոցով հարձակումն ուժեղացրինք:

– Իսկ ինչո՞ւ Լեսթերին, այլ ոչ` Զավենին: Նախկինում դժգոհ էիք Պելտիերի խաղից:

-Անցած խաղին Զավենին շանս տվեցինք, այսօր` Լեսթերին: Մեր ֆուտբոլիստները նույն մակարդակի են: Հանդիպումից առաջ չգիտես, թե ով ավելի հաջող կխաղա:

– Եթե կրկին խաղայիք ԲԱՏԷ-ի հետ, նույն մարտավարությո՞ւնը կընտրեիք:

– Իհարկե:

– Մրցավարի գործողությունները կմեկնաբանե՞ք:

– Դժգոհ եմ: Նաև եզրային մրցավարից: Չեմ կարծում, թե մեծ ազդեցություն ունեցավ, բայց դա ինչ-որ նստվածք թողնում է: Սակայն երբեք չենք ասի, որ այս խաղը մրցավարների պատճառով պարտվեցինք: Սխալները մեր կողմից էին:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում