Երմակովիչ. Եթե չհաղթեինք «Ալաշկերտին», Բելառուսում մեզ չէին ների

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտի» հետ պատասխան մրցավեճից (3:1) հետո ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչը հետխաղյա մամուլի ասուլիս տվեց:

– Հանդիպման սկզբնամասում «Ալաշկերտն» առավելություն ուներ, սակայն ԲԱՏԷ-ն կարողացավ բեկել խաղի ընթացքը: Ո՞րն էր այդ բեկումնային պահը:

– Հանդիպման սկիզբը մեզ համար հնարավոր տարբերակներից ամենավատ կերպով դասավորվեց: Դժվար էր նաև հարմարվել եղանակային պայմաններին, խոտածածկի որակին, բացի այդ գոլ բաց թողեցինք: Հետո կարողացանք բնավորություն ու վարպետություն ցուցաբերել: Գոլը վստահություն հաղորդեց թիմին:

– Հավատո՞ւմ էիք հաղթանակին:

– Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց հավատում էինք մեր թիմին: Շնորհակալ եմ իմ սաներին կամային հատկանիշներ դրսևորելու համար:

– Չե՞ք կարծում, որ խաղի ելքը որոշվեց դարպասապահների ցուցադրած խաղով:

– Ոչ, չեմ կարծում: Ճիշտ չեմ գտնում մեկնաբանել մրցակցի դարպասապահի գործողությունները: Մեր դարպասապահի վերաբերյալ կարող եմ ասել, որ նա շատ լավ է խաղում, մեր թիմի ապագան է:

– Առաջին կեսում «Ալաշկերտի» խաղը ձեր համար անսպասե՞լի էր:

– Չէի ասի: Գիտեինք, որ լավ թիմ է, գնդակով լավ է վարվում: «Ալաշկերտը» լավ խաղաց, ինչ-որ տեղ մեր բախտը բերեց, բայց մենք այսօր ավելի ուժեղ էինք:

– Ձեր թիմի դարպասապահը մի քանի դրվագներում գնդակն անհաջող հետ մղեց, բայց նշեցիք, որ բախտը ձեր կողմն էր: Կարծո՞ւմ եք «Սլավիայի» դեմ առաջիկա հանդիպումներում բախտը նույնպե՞ս կժպտա ձեզ:

– Դեռ ժամանակ ունենք «Սլավիայի» հետ խաղերի մասին մտածելու համար: Հիմա վայելում ենք այս հաղթանակը:

– Խմբային փուլ մտնելու դեպքում կկարողանա՞ք հաջող հանդես գալ, թե՞ համալրման կարիք ունեք:

– Հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, վստահ ենք, որ նրանք կարող են ավելի հաջող հանդես գալ, սակայն չենք բացառում, որ կարող ենք համալրել կազմը:

– Այս հաղթանակը Ձեզ փրկե՞ց պաշտոնանկությունից:

– Ակումբի ղեկավարությունն է որոշողը, ես պայմանագիր ունեմ: Եթե հաջորդ փուլ չանցնեինք, Բելառուսում մեզ ոչ մեկ չէր ների: Ես նույնպես ինձ չէի ների:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում