«Նեյմար շոու»-ն կարճ տևեց. պատմական տրանսֆերը չի կայանա

Վերջին մեկ օրվա ընթացքում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի` «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու մասին մի շարք շշուկներ են պտտվել:

Մասնավորապես, «Esporte Interativo» հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել իբր 25-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնել է տեղափոխվել փարիզյան ակումբը: ՊՍԺ-ն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել վճարելու հարձակվողի պայմանագրով նախատեսված հրաժարագինը, որն այս պահին կազմում է 222 միլիոն եվրո: Մեկ տարի անց այն դառնալու է 250 միլիոն:

Միաժամանակ, «Sport.es»-ը գրում է, որ Նեյմարի շրջապատի որոշ մարդիկ ֆուտբոլիստին համոզում են, որ նա հեռանա «Բարսելոնայից», քանի որ միայն այդկերպ կկարողանա դուրս գալ Լիոնել Մեսսին «շողքի տակից»:

Բրազիլական «Lance» պարբերականը փորձել է ավելի հեռատես լինել ու 3 պատճառ է նշել, որոնք «ֆրանսիացիների առաջարկն ընդունելիս» ենթադրաբար ազդել են Նեյմարի վրա: Դրանից մեկը կրկին Մեսսիի հետ համեմատվելուց հեռու մնալն է, երկրորդը` ՊՍԺ-ի նորեկ Դանի Ալվեսի գործոնն է, ով իր հայրենակցին համոզում է տեղափոխվել Փարիզ, իսկ երրորդը` աշխատավարձի կտրուկ բարձրացումն է: Ներկայումս բրազիլացին տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո)15 միլիոն եվրո է ստանում:

Այդ խոսակցությունները որոշակի իրարանցում առաջացրեցին, սակայն հետո «Բարսելոնայի», ՊՍԺ-ի ու անձամբ Նեյմարից կողմից հերքվել է: Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը «El Mundo Deportivo»-ի հետ զրույցում նշել է.

«Որևէ առաջարկ չենք ստացել Նեյմարի շուրջ: Ոչ մի ակումբ չի համաձայնի վճարել նրա հրաժարագինը: Նա չի հեռանա մեր թիմից»:

«Կապտանռնագույնների» փոխնախագահ Ժորդի Մեստրեն «Marca»-ի հետ զրույցում ավելի կտրուկ է եղել. «Նեյմարը 200 տոկոսով մնում է «Բարսելոնայում»»:

Հերքմամբ է հանդես եկել նաև ՊՍԺ-ում ֆրանսիական «L’equipe»-ի աղբյուրը. «Մտադիր չենք վերսկսել «Նեյմար շուն»: Նա ահռելի հրաժարագին ունի: Հարկավոր է իրատես լինել»:

Վերջապես իր խոսքն է ասել Նեյմարը.

«Նախորդ մրցաշրջանն անձնական տեսանկյունից լավագույնն էր իմ կարիերայում: Հիանալի եմ հարմարվել քաղաքին ու ակումբին: Ինձ ամեն ինչ դուր է գալիս «Բարսելոնայում», դա օգնում է ավելի ուժեղ լինեմ: Ցավոք, նախորդ մրցաշրջանում չկարողացանք բոլոր տիտղոսները նվաճել, սակայն 2017-18թթ. խաղարկությունում մեզ ավելի շատ երջանիկ պահեր են սպասում»,- մեջբերում է «El Mundo Deportivo»:

Փորձելով հասկանալ նման շշուկների պատճառը, կարելի է դրանք տարածելուն շահագրգռված նվազագույնը երկու կողմ գտնել.

1. ՊՍԺ-ն, որպեսզի «Բարսելոնային» վախեցնի ու զերծ պահի Մարկո Վերատիի տրանսֆերը գնելու հետագա փորձերից:

2. Նեյմարի շրջապատը (ավելի հավանական տարբերակ), այդ թվում նրա հայրը, ով կատարում է նաև գործակալի պարտականությունները: Հաշվի առնելով, որ այդ շշուկները սկսվեցին Լիոնել Մեսսի նոր` հսկայական աշխատավարձով պայմանագրի մասին հայտարարությունից հետո, կարելի է ենթադրել, որ բրազիլացու շրջապատում չեն ցանկանում, որ «Բարսայի» առաջին ու երկրորդ աստղերի աշխատավարձերում այդքան ահռելի տարբերություն լինի:

Ամենայն հավանականությամբ, երկու դեպքում էլ «սցենարիստները» կհասնեն իրենց նպատակին, քանի որ «բլաուգրանան» արդեն հետզհետե կորցնում է այս տարի իտալացի կիսապաշտպանին ձեռք բերլու հույսերը, իսկ բրազիլացի հարձակվողի աշխատավարձը բարձրացնելու հարցը կատալոնական ակումբն արդեն սկսել է քննարկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում