Արամ Ոսկանյան. Չեմ թաքցնի, որ հնարավոր է նոր համալրումներ ունենանք

Հուլիսի 21-ին «Բանանցը» վերսկսել է մարզումները սեփական մարզաբազայում: Թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է Վրաստանում կայացած հավաքը:

– Առաջնության մեկնարկին մնում է մոտ 15 օր ժամանակ: Ինչպիսի՞ն է այժմ թիմի ընդհանուր վիճակը:

– Թիմը լավ վիճակում է գտնվում: Մինչև առաջնության մեկնարկը կանցկացնենք ևս մեկ հանդիպում՝ «Գանձասարի» դեմ:

– Ինչպե՞ս կամփոփեք Վրաստանում անցած կարճատև հավաքը:

– Հավաքը սպասվածից էլ լավ ստացվեց: Այնտեղ ունեցանք ստուգողական հանդիպումներ՝ բավական ուժեղ մրցակիցների դեմ և խաղալու հնարավորություն տվեցինք բոլոր ֆուտբոլիստներին, իսկ վերջին խաղում էլ մեծ թիվ էին կազմում 17-18 տարեկան ֆուտբոլիստները: Ընդհանուր առմամբ, մարզումային գործընթացը լավ անցավ, փորձում էինք բերելավել խաղային օղակների համագործակցությունը: Խաղերը ընթանում էին հոգնած ֆոնի վրա, քանի որ անցկացնում էինք օրական երկու մարզում, բայց տվյալ ժամանակահատվածի համար դա նորմալ է: Չեմ թաքցնի, որ հնարավոր է նոր համալրումներ ունենանք մինչև մրցաշրջանի մեկնարկը: Դա այնպիսի գործընթաց է, որ անընդհատ աշխատելու ենք: Ունենք մի քանի ֆուտբոլիստի կարիք և հիմա բանակցություններ ենք վարում:

– Առանձին անդրադառնանք ընկերական խաղերին: Ինչպե՞ս թիմը մոտեցավ «Դիլա» Գորիի հետ խաղին:

– Առաջին խաղն էր, բավական երկար ճանապարհ անցնելուց հետո ընդամենը մեկ մարզում անցկացրինք, որից հետո հաջորդ օրը տեղի ունեցավ խաղը: Խոտածածկը բավական տարբերվում էր մեր խոտածածկից: Չնայած նրան, որ լավ սկսեցինք հանդիպումը, ութ րոպեում երեք գոլ բաց թողեցինք, ինչն ավելի շատ կենտրոնացվածության խնդիր էր: Հետո ունեցանք պահեր և մեկ գոլ խփեցինք:

– Ինչպիսի՞ն էր կազմը Թբիլիսիի «Լոկոմոտիվի» դեմ խաղում:

– Այդ խաղին պատրաստվելու համար արդեն ժամանակ ունեինք, անցկացրել էինք և՛ տակտիկական, և՛ ֆիզիկական մարզումներ ու արդեն ձևավորվում էր հիմնական կազմը: Կարելի է ասել, որ խաղում էինք հիմնական կազմով: Հաղթում էինք 3-0 հաշվով, բայց երկորրդ կեսում երեք գոլ բաց թողեցինք: Ավելի շատ փորձարկումներ էինք անում 3:0-ի ժամանակ, բայց ի վերջո կարողացանք հաղթական գոլ խփել և հաղթել:

– «Ցխումի» թիմի դեմ խաղում մեծ թիվ էին մեկնարկային կազմում հանդես եկող պատանի ֆուտբոլիստները…

– Վերջին խաղը նախատեսված էր անցակցնել Բաթումիի «Դինամոյի» հետ: Մեզ սկզբում ասել էին, որ խաղալու ենք բնական խոտածածկով դաշտում, բայց հետո երբ իմացանք, որ արհեստական դաշտ է, անձամբ ես չցանկացա խաղալ, քանի որ բնական խոտածածկին մարզվելուց հետո արհետական դաշտում խաղալը կարող է հանգեցնել վնասվածքների: Ստիպված գտանք այլ մրցակից՝ կարգով մի փոքր ավելի ցածր, բայց այստեղ էլ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու այն ֆուտբոլիստներին, ովքեր քիչ խաղաժամանակ էին ստանում:

– Ի՞նչ կասեք երիտասարդ այդ ֆուտբոլիստների խաղի մասին:

– Այդ տարիքում շատ կարևոր է հավաքին մասնակցելու հնարավորություն ստանալը: Իրենց համար սա հսկայական փորձ էր: Ֆուտբոլիստը տեսնում է, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում, մասնակցում է տեսական պարապմունքներին և այլն: Բացի այդ մասնակցում են միջազգային ընկրական խաղերի և յուրաքանչյուր խաղը նրանց համար իրադարձություն է: Իրենք սա կհիշեն ողջ կյանքի ընթացքում, քանի որ առաջին քայլերն են անում մեծ ֆուտբոլում: Հնարավորություն տվեցինք, թե մարզվելու, թե խաղերին մասնակցելու համար, բայց հիմա նրանք կրկին միացել են մեր երկրորդ թիմին:

– Վրաստանում «Բանանցի» կազմում սկսեց խաղալ սերբ կիսապաշտպան Օգնեն Կրասիչը: Ինչպիսի՞ մարզավիճակում է նա և որքանո՞վ է մերվել «Բանանցի» խաղին:

– Դեռ մերվելու գործընթացում է: Ավելին ասեմ՝ իր մարզավիճակը մեղմ ասած շատ վատ է: Երևում է, որ երկու ամիս ոչինչ չի արել: Հիմա իրեն բացի թիմի հետ մարզվելուց նաև անհատական ծրագրով մարզումներ ենք տալիս: Տարբերվում է իր բարձր որակներով, բայց հեռու է իդեալական ֆունկցիոնալ վիճակից, դրա համար իր մոտ շատ բաներ չեն ստացվում: Ժամանակ է հարկավոր, որի ընթացքում նա նաև կմերվի թիմի հետ: Նա ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստ է և ժամանակ է պետք, որպեսզի խաղընկերները հասկանան իրեն, ինքն էլ՝ խաղընկերներին:

– «Բանանցի» մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքների պատճռով բաց թողեցին այս հավաքը: Ինչպե՞ս է ընթանում նրանց վերականգնման գործընթացը:

– Բժիշկների հետ խոսել եմ, և Արթուր Ավագյանն արդեն ամսի 28-ից կմիանա մեզ, Արամ Բարեղամյանը մի փոքր ավելի ուշ, իսկ Արամ Լոռեցյանը մոտ տասը օրից կմարզվի ընդհանուր խմբին: Շատ ենք սպասում իրենց ապաքինվելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում