Խելահեղ աշխատավարձի սպասումով. Սանչեսը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարներին

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն», որի ղեկավարների հետ արդեն հանդիպում է ունեցել:

«Goal.com»-ը տեղեկացնում է, որ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել չիլիացին, նրա գործակալը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին ու ակումբի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն:

Ֆրանսիական ակումբը վստահ է, որ կկարողանա 50 միլիոն եվրոյով գնել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: «Զինագործների» հետ Սանչեսի պայմանագրի ժամկետը սպառվում է մեկ տարուց: Նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն «Արսենալը» կնախընտրի Ալեքսիսին վաճառել ՊՍԺ-ին, քան ԱՊԼ-ում իր անմիջական մրցակցին:

Միաժամանակ «Daily Mail»-ը տեղեկացնում է, որ փարիզցիները համաձայն են բավարարել չիլիացու պահանջները և նրան շաբաթական 390 հազար եվրո վճարել, ինչը տարեկան կազմում է 20 միլիոն եվրոյից մի փոքր ավելի:

Ամենայն հավանականությամբ, «Պարի Սեն Ժերմենը» Սանչեսին դիտարկում է որպես պահեստային տարբերակ, այն դեպքի համար, եթե չկարողանա ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում