«Միլան». Չինական հեղափոխություն օրիգինալ ձևով

Իտալական «Միլանը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, կարելի է ասել, հիմնովին թարմացրեց կազմը: Եթե հավատանք ակումբի ղեկավարության խոսքերին, ապա «ռոսոներիները» նոր համալրումներ են սպասում: «Միլանն» արդեն իսկ երկու հանդիպում անցկացրել է նախամրցաշրջանային փուլում՝ 1:3 հաշվով պարտություն Դորտմունդի «Բորուսսիայից» և ֆանտաստիկ հաղթանակ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ՝ 4:0 հաշվով: Sport.Times.am-ը վերլուծել է ակումբի շուրջ տիրող իրավիճակը՝ գլխավոր մարզչի գործոնը, մուտքային և ելքային տրանսֆերը, ցուցադրած խաղը և փորձել է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր՝ «չինական» «Միլանը», որը մատուցվում է օրիգինալի տեսքով:

Ելքային տրանսֆերներ

«Միլանից» արդեն իսկ հեռացել են տարբեր ակումբներից վարձակալած հետևյալ ֆուտբոլիստները՝ Ժերար Դելոֆեուն, Մատիաս Ֆերնանդեսը, Մարիո Պաշալիչը և Լուկաս Օկամպոսը: Ազատ գործակալի կարգավիճակով թիմը լքել են Անդրեա Պոլին և Կեյսուկե Հոնդան: Իսկ Մատիա Դե Շիլյոյի, Դիեգո Լոպեսի և Յուրայ Կուցկայի վաճառքից ակումբն ընդհանուր առմամբ վաստակել է 18 մլն եվրո: Բացի դրանից, «Միլանը» վարձակալական հիմունքներով «Ջենոային» է հանձնել Ջանլուկա Լապադուլային և Անդրեա Բերտոլաչիին: Վերջերս էլ Վինչենցո Մոնտելան հաստատեց, որ Կառլոս Բակկան ևս հեռանալու է թիմից:

Մուտքային տրանսֆերներ

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» ձեռք է բերել Լեոնարդո Բոնուչիին, Անդրեա Կոնտիին, Մատեո Մուսակիոյին, Ռիկարդո Ռոդրիգեսին, Ֆրանկ Կեսյեին, Լուկաս Բիգլյային, Հական Չալհանօղլուին, Անդրե Սիլվային, Ֆաբիո Բորինիին և Անտոնիո Դոնարումային: Ակումբի կատարած տրանսֆերային ամենանշանակալի քայլը Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի երկարաձգումն է: Ակտիվ շշուկներ են պտտվում, որ ևս երկու ֆուտբոլիստ շուտով կհամալրեն իտալական ակումբի կազմը: Ըստ լուրերի՝ «Միլանը» ցանկանում է ձեռք բերել Անդրեա Բելոտիի/Պյեր-Էմերիկ Օբամեյանգ զույգից որևէ մեկին: Ինչպես նաև, ակտիվացել են խոսակցություներն այն մասին, որ Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ևս կարող է կարիերան շարունակել «Միլանում»:

Մարզչի գործոնը

Ակումբի նոր սեփականատերերը որոշեցին վստահել նոր «Միլանի» ղեկը հենց Մոնտելային: Վերջինս ունի բավարար որակներ, որպեսզի կարողանա այսպիսի կազմով փորձել վերադարձնել «Միլանի» երբեմնի փառքն ու իշխանությունը ոչ միայն իտալական, այլև եվրոպական ֆուտբոլում: Նախորդ տարվա սկզբին Մոնտելայի թիմը հիանալի մեկնարկեց առաջնությունը, բայց հետո անկայուն ելույթները թույլ չտվեցին պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Փոխարենը, թիմը հանդես է գալու Եվրոպա լիգայում և պայքարը սկսելու է որակավորման երրորդ փուլից՝ մրցելով ռումինական «Ունիվերսիտատյա» ակումբի հետ:

Խաղային սխեման

Արդեն իսկ կայացած երկու ընկերական խաղերում Մոնտելան բավական շատ փոփոխություններ և փորձարկումներ կատարեց: Դեռ վաղ է խոսել հստակ որոշված խաղային սխեմայի մասին, այնուամենայնիվ, ներկայացնեմ երեք տարբերակ, որոնք, կարծում եմ, դիտարկում է Վինչենցո Մոնտելան՝ հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներին:

4-3-3

Վերջին տարիներին «Միլանը» հանդես է գալիս հենց այս սխեմայով:

 

Այստեղ տեղ չեն գտել հավանական նոր թեկնածուները, իսկ որոշակի դիրքերում հնարավոր են փոփոխություններ: Օրինակ՝ աջ պաշտպանի դիրքում կարող է խաղալ փորձառու Աբատեն կամ կենտրոնական կիսապաշտպաներից որևէ մեկը կարող է տեղը զիջել Ռիկարդո Մոնտոլիվոյին:

4-3-1-2

Եվս մի տարբերակ, որը ևս մեկ կենտրոնական հարձակվող ձեռք բերելու դեպքում կդառնա իդեալական «Միլանի» համար:

 

Հենց այս սխեմայով էլ 2000-ականներին Անչելոտիի «Միլանը» գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում: Եթե «ռոսոներինը» որոշեն նոր հարձակվող գնել, չեմ կարծում, որ Մոնտելան խաղա մեկ կենտրոնական հարձակվող ներառող սխեմայով: Կամ պետք է ընտրվի այս տարբերակը, կամ էլ՝ 4-4-2-ը: Վերջինիս դեպքում խնդիրներ կառաջանան նախ կենտրոնական կիսապաշտպաններին ընտրելու, իսկ հետո՝ Հական Չալհանօղլուի խաղային դիրքի հարցում: Թուրք ֆուտբոլիստը հիանալի է հանդես գալիս հենց խաղարկողի՝ 10 համարի դիրքում, չնայած որ կարող է փայլել նաև եզրերում:

Կա ևս մի տարբերակ՝ 3 պաշտպանով խաղային սխեման, բայց դա քիչ հավանական է: Ավելի ճիշտ՝ կախված է նրանից, թե կենտրոնական պաշտպաններից ով կլքի ակումբը, և ով լավ մարզավիճակում կլինի:

Բելոտի՞, թե՞ Օբամեյանգ

Անդրեա Բելոտին դասական կենտրոնական հարձակվող է: Միշտ հերթապահում է տուգանային հրապարակի մատույցներում և իդեալական կերպով կարողանում է եզրափակել գրոհները: Օբամեյանգն իր արագության շնորհիվ՝ բացի կենտրոնական հարձակվողի դիրքից, կարող է շատ լավ հանդես գալ եզրերում: Նրա շնորհիվ Մոնտելան կարող է մի քանի տակտիկական սխեմաներ փորձարկել և դրանք անխափան կիրառել, ինչը չես ասի Բելոտիին ունենալու դեպքում, քանի որ իտալացին լավ է խաղում միայն կենտրոնում: Եթե Մադրիդի «Ռեալը» չգնի Օբամեյանգին, կարծում եմ, հենց գաբոնցին կտեղափոխվի «Միլան»:

Նպատակներն առաջիկա մրցաշրջանի համար

Անկասկած, պետք է պայքարել Ա Սերիայի լավագույն եռյակում հայտնվելու համար, իսկ Եվրոպա լիգայի խաղարկությունում պետք է ձգտել առավելագույնի: Կախված մրցաշրջանի ընթացքից, հնարավոր է, որ Մոնտելան զոհաբերի մի մրցաշարը, հանուն մյուսի: Ինչևէ, նոր մրցաշրջանում «Միլանը» ունի բոլոր հնարավորությունները՝ վերադառնալու եվրոպական ֆուտբոլի էլիտա:


Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում