«Ինտերը» չի հանձնվում. նոր առաջարկ «Բավարիային»

«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը դարձել է «Ինտերի» տրանսֆերային գլխավոր նպատակը:

«La Gazzetta dello Sport»-ին հայտնի է դարձել, որ միլանցիները 30-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են 50 միլիոն եվրո վճարել: Ավելի վաղ չիլիացին մերժել էր «ներաձուրիի» նախորդ առաջարկը և մտադրություն հայտնել նոր պայմանագիր ստորագել մյունխենյան ակումբի հետ: Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2019 թվականը, իսկ նորը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի ամառը: Սպասվում է, որ Վիդալի աշխատավարձը կդառնա 15 միլիոն եվրո (մինչև հարկերի վճարումը), ինչը 20 տոկոսով ավելին է ներկայիս աշխատավարձից:

Միաժամանակ, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրապարակավ հայտարարել է, որ կիսապաշտպանը ոչ մի դեպքում չի հեռանալու թիմից:

«Ինտերը» նախկինում փորձում էր կիսապաշտպանության կենտրոնն ամրապնդել «Ռոմայի» ֆուտբոլիստ Ռաջա Նաինգոլանի միջոցով, սակայն վերջինիս` «գայլերի» հետ կնքած նոր համաձայնագրից հետո բոլոր միջոցները կենտրոնացրել է Վիդալի տրանսֆերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում