Բարտոմեու․ Նեյմարի տրանսֆերի գումարը կօգտագործենք թիմն ուժեղացնելու համար

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ հարձակվող Նեյմարի՝ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությունը հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե փարիզյան թիմը վճարի բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո։

-Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ մենք փորձում ենք մարտունակ թիմ ստեղծել, որը կկարողանա պայքարել տիտղոսների համար։ Որոշ դեպքերում ստացվում է, որոշ դեպքերում՝ ոչ։ Մենք միշտ ձգտում ենք լավագույնին։ Ցանկանում ենք, որ Նեյմարը մնա, սակայն գոյություն ունի հրաժարագին։ Եթե նա ցանկանում է հեռանալ և նրա համար կվճարեն այդքան գումար, ապա գործարքը կկայանա։ Ես դեռ չեմ զրուցել Նեյմարի հետ։ Կխոսենք, երբ վերադառնանք Իսպանիա։ Եթե Նեյմարը որոշի հեռանալ, նրա տրանսֆերի գումարը կօգտագործենք թիմն ուժեղացնելու համար։

Կրկնում եմ՝ Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար պետք է ամբողջությամբ վճարել հրաժարագինը։ Միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ում գոյություն ունեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններ։ Դրանք խախտող ակումբները կարող են պատժվել։ «Բարսելոնան» իր տարեկան եկամուտով աշխարհում առաջին կամ երկրորդ ակումբն է՝ տարեկան 800 միլիոն եվրո։ Դա մեզ օգնում է զարգանալ։

Ինչ վերաբերվում են այն լուրերին, որոնց համաձայն՝ Նեյմարի հեռանալու դեպքում փորձելու ենք ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը, ապա միայն կարող եմ ասել, որ Ֆիլիպեն հիանալի ֆուտբոլիստ է։ Այս թեմայի շուրջ երկար չեմ կարող խոսել։ Նման դեպքերում պետք է շատ զգույշ լինել,- Բարտոմեուի խոսքերը փոխանցում է «AS»-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում