ICC. «Ռոմա» – «Յուվենտուս» խաղի հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարով (տեսանյութ)

«International champions cup» մրցաշարում տեղի է ունեցել վերջին խաղը: ԱՄՆ-ում մրցել են «Ռոման» ու «Յուվենտուսը»:

Թուրինցիների առավելությամբ անցած խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում: 29-րդ րոպեին Ալեքս Սանդրոն հաշվենկատ փոխանցումով դարպասապահ Ալիսոնի հետ մեն-մենակ է դուրս բերել Մարիո Մանջուկիչին, ով շրջանցել է բրազիլացուն ու գրավել անպաշտպան դարպասը:

74-րդ րոպեին «գայլերը» հավասարացրել են հաշիվը: Թիմի նորեկ Ալեքսանդար Կոլարովի փոխանցումից հետո մոտ տարածությունից աչքի է ընկել Էդին Ջեկոն:

Մրցավեճն ավարտվել է 1:1 հաշվով, ուտսի նշանակվել է 11-մետրանոց հարվածաշար: Այն ավելի հաջող են իրացրել թուրինցիները, որոնք առավելության են հասել 5:4 հաշվով:

«Յուվենտուսի» խաղացողները դիպուկ են եղել, իսկ հռոմեացիների կազմում վրիպել է 18-ամյա հարձակվող Մարկո Տումանելոն: Վերջինիս հարվածից հետո սեյվ է կատարել «բյանկոներիի» դարպասապահ Կարլո Պինսոլյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում