«Բարսելոնան» համակերպվել է. առաջարկ ՊՍԺ-ին

«Բարսելոնան» հասկանում է, որ քիչ հավանական է հարձակվող Նեյմարի թիմում մնալը. բրազիլացին մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն: Կատալոնացիները փորձում են պայմանավորվածության հասնել ֆրանսիացիների հետ, այլ ոչ թե նախկինի պես միայն 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը (222 միլիոն եվրո) պահանջել,- գրում է «Marca»-ն:

«Կապտանռնագույնները» մտադիր են որոշակի զիջումների գնալ, եթե փարիզցիները համաձայնեն գործարքում ընդգրկել կիսապաշտպան Մարկո Վերատիին: Ամռան սկզբին «բլաուգրանան» ամեն կերպ փորձում էր ձեռք բերել իտալացուն, սակայն ֆրանսիական ակումբը հրաժարվեց բաց թողնել իր խաղարկողին:

Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն կմերժի «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ վստահ է, որ առանց Վերատիին բաց թողնելու կկարողանա ձևակերպել Նեյմարի տրանսֆերը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն ճոխ շնորհանդես է պատրաստել Նեյմարին ներկայացնելու համար: Ակումբը քաղաքի ղեկավարությունից թույլտվություն է ստացել բրազիլացու տրանսֆերի կապակցությամբ շքերթ կազմակերպելու շուրջ: Սպասվում է, որ հարձակվողի շնորհանդեսը կկայանա Էյֆելյան աշտարակի մոտ, ինչպես դա եղավ 2012 թվականին Զլատան Իբրահիմովիչի տեղափոխության ժամանակ:

«L’Equipe»-ն վստահեցնում է, որ հանգստյան օրերին Նեյմարը բուժզննում կանցնի Փարիզում, իսկ առաջիկա երկուշաբթի պայմանագիր կկնքի «Պարի Սեն Ժերմենի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում