Լա Լիգան արգելափակելու է Նեյմարի տրանսֆերը

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (Լա լիգա, Սեգունդա) նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի` «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությունն արգելափակվելու է:

«Բողոքն արդեն պատրաստ է, այն ներկայացնելու ենք ՈւԵՖԱ-ին ու շվեյցարական դատարաններին: Նրանք համապատասխան իշխանություն ունեն, որպեսզի գործարքը խափանեն: ՊՍԺ-ի դեպքը «ֆինանսական դոպինգի» ակնհայտ օրինակ է: Այդ ակումբն աջակցություն է ստանում երկրի կառավարության կողմից (Քաթարի-խմբ.):

Եթե ՈւԵՖԱ-ն ինքնակամ չարձագանքի, մենք անմիջապես հայց կներկայացնենք: Հույս ունենք, որ ՈւԵՖԱ-ն միջոցներ կկիրառի ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները պահպանելու շուրջ: Լա լիգան չի ընդունելու այն գումարը, որը ՊՍԺ-ն վճարելու է Նեյմարի տրանսֆերը ձևակերպելու համար: Չենք կարող ընդունել մի ակումբի փողերը, որը խախտում է մեր օրենսդրությունը»,- Տեբասի խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենի» քաթարցի սեփականատերերը մտադիր են Նեյմարին ԱԱ-2022-ի դեսպան դարձնել: Դրա համար բրազիլացին 300 միլիոն եվրո կստանա, որից 222-ը «բլաուգրանային» կվճարի իր հրաժարագնի համար: Այդ սխեման փարիզցիներին հնարավոր է թույլ տա չխախտել ֆինանսական ֆեյր-փլեի կանոնենրը:

Այսօր «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվելու մտադրություն է հայտնել: Կատալոնացիները պատասխանել են, որ ֆուտբոլիստին բաց կթողնեն միայն ամբողջական գումարը` 222 միլիոն եվրոն ստանալու դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում