Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի աշխարհի առաջնությունում

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի B դիվիզիոնում մեկնարկել են A խմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականն այսօր ընդունել էր Սլովակիայի ընտրանուն և հաղթեց 75:61 հաշվով:

Որոշիչ դարձավ հանդիպման երկրորդ քառորդը, որում Նիկշա Բավցևիչի սաներն առավելության հասան 31:10 հաշվով: Մեծ ընդմիջումից հետո հայերին հաջողվեց պահպանել առավելությունը:

Հանդիպման ամենաարդյունավետբասկետբոլիստը Ալան Հեսսն էր, ով վաստակեց 22 միավոր: Փայլուն հանդիպում անցկացրեցին նաև Արկադի Մկրտչյանն ու Ռայան Բոատրայթը:

A խմբի մյուս մրցավեճում Շվեդիան սեփական հարկի տակ 81:73 հաշվով պարտության է մատնել Բոսնիա ու Հերցեգովինային:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ` ԿԱ ՊԵԿ մարզադաշտում (նախկին «Միկա») կընդունի Շվեդիայի ընտրանուն: Հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին: Սկիզբը` 20:00:

Հետևեք մեզ նաև Telegram-ում