Հունաստանի սուպերլիգայից` Հայաստանի առաջնություն․ «Բանանցը» նորեկ ունի

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել 30-ամյա սերբ պաշտպան Բորիսլավ Յովանովիչի հետ: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից։ Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում։

Փորձառու ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես է եկել Հունաստանի առաջնության Բարձրագույն խմբում՝ հանդես գալով «Էրգոտելիս» և «Լարիսա» ակումբներում:

«Շատ ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ, արդեն մի քանի օր մարզվում եմ թիմի հետ, լավ տպավորություններ ունեմ և ամեն ինչ պետք է անենք բարձր տեղեր զբաղեցնելու համար: Այն, որ թիմում արդեն կան սերբ ֆուտբոլիստներ, իհարկե, ուրախալի է ինձ համար, քանի որ ռուսերեն կամ հայերեն չեմ խոսում, գիտեմ միայն անգլերեն և նրանք ինձ շատ են օգնում: Պետք է ծանոթանամ և տեսնեմ, թե ինչպիսին է Հայաստանը, սակայն «Բանանցի» վերաբերյալ կարող եմ ասել, որ այս մարզահամալիրը և ակումբի կազմակերպվածությունը մեծ անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի թիմին բարձրացնենք առաջատար դիրքեր»,- ասել է Յովանովիչը:

«Բորիսլավ Յովանովիչը փորձառու ֆուտբոլիստ է, հանդես է եկել Հունաստանի ուժեղ առաջնությունում և իր մեծ փորձով կարող է շատ օգտակար լինել «Բանանցին»: Պաշտպանությունում կարևոր է նման փորձառու խաղացողի առկայությունը, ինչը կնպաստի ընդհանուր թիմային պաշտպանության և խաղի բարելավմանը: Յովանովիչն այնքան էլ լավ մարզավիճակում չի ներկայացել «Բանանց», բայց որոշ ժամանակ անց կլինի լավ մարզավիճակում և կօգնի թիմին»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում