Հայաստանի առաջնությունը մեկնարկեց. կամային հաղթանակ Գյումրիում (տեսանյութ)

Օգոստոսի 4-ին մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2017-18թթ. առաջնությունը: Բացման հանդիպումը տեղի է ունեցել Գյումրիում, որտեղ «Շիրակը» 2:1 հաշվով հաղթել է չեմպիոն «Ալաշկերտին»:

Արդեն 4-րդ րոպեին Վարդան Բիչախչյանի թիմը կարող էր հաշվի մեջ առաջ անցնել: Անհատական անցումի շնորհիվ Իգոր Ստանոևիչը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց: Նշակետին մոտեցավ Ռոբերտ Դարբինյանը, ում հարվածը բարձր ստացվեց:

Հաշիվը բացվեց 28-րդ րոպեին: Երևանցիների բազմաքայլ կոմբինացիայից հետո Գագիկ Դաղբաշյանը սուր փոխանցում կատարեց դարպասային հրապարակ, որտեղից Միհրան Մանասյանը սահընկումով գնդակն ուղարկեց դարպասը:

Երբ թվում էր, թե խաղակեսը հյուրերի առավելությամբ կավարտվի, տանտերերը պատասխան գոլը խփեցին: Հիանալի հանդիպում անցկացրած Իգոր Ստանոևիչի խաղարկած տուգանային հարվածի արդյունքում Արտյոմ Միքայելյանը գլխի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Գնդակը դարպասաձողից անդրադառնալով հայտնվել է ցանցում:

54-րդ րոպեին «Շիրակը» հաղթական գոլն է խփել: Հետ կատարված փոխանցման ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ում նկատմամբ պրեսինգի դիմած Սոլամոն Ուդոն տիրեց գնդակին, այն փոխանցեց հարձակվող Արամ Մուրադյանին, ով անարգել գրավեց դատարկ դարպասը:

Հատկանշական է, որ գյումրեցիները մինչև այդ 6 անընդմեջ խաղում չէին կարողանում հաղթել «Ալաշկերտին»:

Բարձրագույն խմբի 1-ին տուրի մյուս երկու խաղերը կկայանան օգոստոսի 6-ին: Այդ օրը «Բանանցը» կընդունի «Փյունիկին», իսկ «Գանձասար-Կապանը»` «Արարատին»:

Խաղի ամբողջական տեսագրությունը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում