«Մանչեսթեր Սիթին» հաղթել է, «Բարսելոնան»` ոչ-ոքի խաղացել (տեսանյութ)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» հերթական ընկերական հանդիպումներն են անցկացրել:

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Վեսթ Հեմի» միջև մրցավեճ: «Քաղաքայինները» հեշտությամբ հաղթել են 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Գաբրիել Ժեզուսը (8-րդ րոպե), Սերխիո Ագուերոն (55) և Ռահիմ Սթերլինգը (70): Առաջին երկու գոլերի համահեղինակ են դարձել, համապատասխանաբար, Կևին Դե Բրյունեն ու Դավիդ Սիլվան:

Հատկանշական է, որ լոնդոնցիների դարպասը պաշտպանում էր «Մանչեսթեր Սիթիի» բազմամյա դարպասապահ Ջո Հարտը:

«Բարսելոնան» մրցակցի հարկի տակ հանդիպել է Սեգունդան ներկայացնող «Խիմնաստիկին»: 11-րդ րոպեին հաշիվը բացել են տանտերերը. աչքի է ընկել Մանուել Բարեիրոն: Հետագա ժամանակահատվածում կատալոնացիները մի շարք գոլային պահեր են ունեցել, սակայն միայն խաղավերջում (79) են կարողացել խուսափել պարտությունից: Տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Պակո Ալկասերը:

Նշենք, որ հանդիպմանը հայտավորված չեն եղել «Բարսելոնայի» առաջտարներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Անդրես Ինյեստան, Սերժի Բուսկետսը, Ժերար Պիկեն և Իվան Ռակիտիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում