Անգլիայի սուպերգավաթ. «Արսենալը» 11-մետրանոցներով հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի սուպերգավաթը, որում մրցեցին նախորդ մրցաշրջանի գավաթակիր «Արսենալն» ու չեմպիոն «Չելսին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Երկու գոլերն էլ արձանագրվեցին երկրորդ խաղակեսում: 46-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «թոշակառուներին» առաջ մղեց Վիկտոր Մոյզեսը:

80-րդ րոպեին «կապույտերը» մնացին 10 ֆուտբոլիստով: Կոպիտ սահընկման համար կարմիր քարտ ստացավ Պեդրո Ռոդրիգեսը: Այդ խախտման խաղարկման ժամանակ, Գրանիտ Ջակայի փոխանցումից հետո գլխի հարվածով պատասխան գնդակը հեղինակեց «Արսենալի» կազմում առաջին խաղն անցկացնող պաշտպան Սաեդ Կոլոշինացը: Բոսնիացին առաջին կեսում փոխարինել էր դեմքի ծանր վնասվածք ստացած Պեր Մերտեսակերին:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ուստի Անգլիայի սուպերգավաթի կանոնների համաձայն նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Արսեն Վենգերի թիմը հստակորեն իրացրեց 4 հարված, իսկ Անտոնիո Կոնտեի սաներից վրիպեցին Ալվարո Մորատան ու անսպասելիորեն նշակետին մոտեցած դարպասապահ Տիբո Կուրտուան: Գրանցվեց 4:1 հաշիվը:

«Զինագործներն» իրենց պատմության ընթացքում 15-րդ անգամ դարձան Անգլիայի սուպերգավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում