Մեկ տարում գինը տասնապատկվել է. «Ինտերը» երկու տրանսֆեր է կատարելու

«Ինտերը» շարունակում է աշխատանքներ տանել թիմի կազմն ամրապնդելու շուրջ: Առաջիկա ժամանակահատվածում միլանյան թիմը երկու նորեկ կունենա:

«Gazzetta dello Sport»-ը տեղեկացնում է, որ «ներաձուրին» Դորտմունդի «Բորուսսիայի» հետ համաձայնեցրել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Էմրե Մորի տեղափոխությունը: «Ինտերը» երկու տարով վարձակալելու է 20-ամյա ֆուտբոլիստին, ինչպես նաև պարտավորվելու է 15 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

Մեկ տարի առաջ թուրք խաղացողի համար դորտմունդիցները դանիական «Նորշելանդին» 10 միլիոն եվրո էին վճարել:

Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում Մորը մասնակցել է 12 խաղի, որոնցում 1 գոլ է խփել և 3 գոլաին փոխանցում կատարել:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Նիցայի» եզրային պաշտպան Դալբերտը ժամանել է Միլան: «Sky Italia»-ն գրում է, որ լոմբարդացիները ֆրանսիական ակումբի հետ պայմանավորվել են տրանսֆերի շուրջ: Այն կազմելու է 20 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված կլինեն նաև բոնուսներ:

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ Դալբերտի տրանսֆերի դիմաց «Նիցան» պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշին» «ընդամենը» 2 միլիոն եվրո էր վճարել:
Բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմելու է 1,1 միլիոն եվրո:

Լիգա 1-ում անցկացրած մրցաշրջանում պաշտպանը 33 խաղի է մասնակցել, որոնցում 4 գոլային փոխանցում է գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում