Արտյոմ Սիմոնյանը Շվեյցարիայից տեղափոխվել է Հայաստան (լուսանկար)

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը կարիերան շարունակելու է Հայաստանի Բարձրագույն խմբում: 22-ամայ ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

Կիսապաշտպանն արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում:
Նախորդ մրցաշրջանում Արտյոմը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխին», վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում:

«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել «Ալաշկերտի» հետ: Թիմում հիանալի ընկերական մթնոլորտ է: Ծանոթ եմ մի քանի ֆուտբոլիստների հետ, իսկ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հանդես եմ եկել երիտասարդական հավաքականում: Շատ դրական եմ տրամադրված: Կներդնեմ ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններում իմ ավանդն ունենալու համար»,- նշել է Սիմոնյանը պայմանագրի ստորագրումից հետո:

2015-ին «Ցյուրիխ» տեղափոխվելուց առաջ Սիմոնյանը երկու մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում, հանդիսացել է ռուսական ակումբի երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, մասնակցել պատանեկան Չեմպիոնների լիգային: «Զենիթի» պորտուգալացի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Սիմոնյանը մի շարք մարզումներ է անցկացրել ակումբի գլխավոր թիմի կազմում, հայտնվել է թիմի հայտացուցակում:

Արտյոմ Սիմոնյանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, հանդիսացել է երիտասարդական հավաքականի ավագը, որի կազմում խաղացել է նաև Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Ազգային հավաքականում կիսապաշտպանը իր նորամուտը նշել է Ֆրանսիայի հավաքականի հետ 2014-ի հոկտեմբերին կայացած խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում