Հայաստանի հավաքականում շեշտը դրել են Բաչկովի ու Տոնականյանի վրա

Հայաստանի հավաքականում շեշտը դրել են Բաչկովի ու Տոնականյանի վրա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանն ու Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսել է նախապատրաստական շրջանի մասին:

«Հավաքին մասնակցում է ամբողջ հավաքական թիմը: Այս ամիս հավաքականի 5 անդամներ Մախաչկալայում մասնակցելու են միջազգային մրցաշարի, սակայն մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է: Հիմնականում աշխատում ենք Հովհաննես Բաչկովի ու Կարեն Տոնականյանի վրա: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են լավագույն բռնցքամարտիկները: Իհարկե դժվար կլինի, բայց պետք է հաղթահարենք այդ դժվարությունները:

Եվրոպայի առաջնությունում համաշխարհային բռնցքամարտի լիդերներն էին մասնակցում, բայց Բաչկովը կարողացավ գեղեցիկ կերպով հաղթանակներ տանել: Հուսով ենք, որ այս անգամ էլ ամեն ինչ լավ կստացվի»,- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել Թորոսյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայ մարզիկները Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Համբուրգ կմեկնեն օգոստոսի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում