Նիկշա Բավցևիչը․ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք

Նիկշա Բավցևիչը․ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք

Օգոստոսի 16-ին կայանալիք բասկետբոլի աշխարհի 2019 թվականի առաջնության նախընտրական փուլի՝ Շվեդիա – Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մեկնաբանություն է տվել։

«Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա 1-ին հորիզոնականում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ մեր ենթախմբում։

Արդեն նշել եմ, որ մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։

Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի է խաղում են նույն մարզչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղեի բավական մեծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում և հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր, որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում։

Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երևանում կայացած առաջին 2 խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադևոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հուլիսին կայացած ընկերական խաղերին էլ մենք մասնակցել ենք կորուստներով։

Հույս ունեմ, որ վաղվա խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Արդեն 3 օր է Շվեդիաում ենք և այս ընթացքում փորձել ենք թիմին վերականգնել։ Հուլիսի սկզբից տղաները հավաքականում են և արդեն մեծ ծանրաբեռնվածություն կա նրանց մոտ։ Սա նաև մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարևոր խաղն ունեն»,- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է խորվաթ մասնագետը:

Շվեդիա-Հայաստան հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 21:00-ին և հեռարձակվելու է YouTube-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում